Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս մասին այսօր առավոտյան հայտնել են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Հաղորդվում է նաև, որ երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:

«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Պատերազմական կորուստներ

Ղարաբաղի ՊԲ-ը հրապարակել է Ադրբեջանի դեմ մարտերում զոհված եւս 26 հայ զինծառայողների անուններ:

Այսպիսով, սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների սկզբից ի վեր, հայկական կողմից արդեն զոհվել է 897 զինվոր:

Նշենք, որ ադրբեջանական կողմը չի հայտնում իր ռազմական կորուստների մասին՝ պատճառաբանելով «ռազմական գաղտնիքը»:

Միջազգային հանրություն

Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումն ընդունելի է հայկական կողմի համար, և այդ ուժերը կարող են լինել ռուսաստանյան խաղաղապահները, ռուսական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի մասին չեն համընկնում հայկական կողմի պատկերացումների հետ։ Եթե խոսում ենք փոխզիջումների մասին, այստեղ ևս փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս պետությունների կարծիքը, կարևոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե հակառակը», – ասել է Հայաստանի վարչապետը։

ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Թուրքիան կօգտագործի իր ազդեցությունը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը մեղմելու համար, այսօր Բրյուսելում` պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Այո, Թուրքիան շատ կարևոր գործընկեր է մեզ համար, բայց մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կօգտագործի տարածաշրջանում ունեցած իր էական ազդեցությունը՝ լարվածությունը հանդարտեցնելու համար», – ասել է գլխավոր քարտուղարը։