Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր վերադառնում են երկիր և իրենց հետ ունեն ՊՇՌ (PCR) թեստի պատասխան, կկարողանան խուսափել կարանտինից, – հինգշաբթի կառավարության նիստից հետո հայնտել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Այսօրվա դրությամբ կարանտինը պարտադիր է ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար: Այցելուները սահմանը հատելուց հետո կարանտինային գոտում պետք է մնան ութ օր, իսկ կարանտինային հյուրանոցից դուրս գալուց առաջ պիտի հանձնեն կորոնավիրուսի թեստ:
«Օդային հաղորդակցության ընդլայնումից հետո Վրաստանի քաղաքացիները կարանտին անցնելու կարիք չեն ունենա: Նոր չվերթների բացումից հետո կարանտինի սխեման մեր քաղաքացիների համար կփոխվի: Այն քաղաքացիները, ովքեր կունենան PCR թեստի արդյունք, այլևս չեն տեղափոխվի կարանտինային գոտի, այլ կանցնեն ինքնամեկուսացման: Մնացածի համար կարանտինային գոտին կգործի», – հայտարարել է Գախարիան:
Սեպտեմբերի սկզբից Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը կտրուկ վատթարացել է: Անցած օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր հայտնաբերված ամենամեծ թվով դեպքերը` 919 վարակակիր: