Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզները, բացառությամբ Վաչիան գյուղի մանկապարտեզի, սկսում են աշխատել լրիվ ռեժիմով:
Այսօրվանից՝ հոկտեմբերի 13-ից, Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզները վերսկսում են իրենց աշխատանքը, առավոտյան ժամը 9-ից երեկոյան 6-ը ռեժիմով և սնուցմամբ: Վերաբացվել են մունիցիպալիտետի 11 մանկապարտեզ, իսկ Վաչիան գյուղում, գյուղի բնակչի մոտ հաստատված կորոնավարակի պատճառով, նախադպրոցական հաստատությունը դեռ չի բացվել:
Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, յուրաքանչյուր մանկապարտեզ ունի ինքնամեկուսացման սենյակ, սնունդն արդեն պատվիրված է:
Մունիցիպալիտետի մանկապարտեզներում «հանգստի ժամ» ռեժիմը չեղյալ է հայտարարվել: Մանկապարտեզներում երեխաներին քնեցնելու հնարավորություն ունեին միայն երկու մանկապարտեզ, դրանք են՝ Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզը և Կարծախի մանկապարտեզը, իսկ Կուլիկամ գյուղում արդեն մի քանի ամիս է այդ ռեժիմը չէր գործում:
«Մեզ արգելեցին երեխաներին քնեցնել, քանի որ լվացքի մեքենա չունենք, չունենք լվացքատուն և հատուկ չորանոց չունենք», – ասաց Անահիտ Ասատուրյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 12 մանկապարտեզ, որոնցից 3-ը՝ այլընտրանքային և առանց սննդի, մնացածը` սննդով: Ընդհանուր առմամբ, այս տարի մունիցիպալիտետում նախադպրոցական հաստատություններ կհաճախեն 1100-ից փոքր-ինչ ավել երեխաներ: