Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանբելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
«ՀՀ–ն պատրաստ է ճանաչել 86,600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, և մեր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,800 քկմ տարածքային ամբողջականությունը»,– ասել է նա։
Դիտարկմանը, թե արդյոք ՀՀ կառավարությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ Փաշինյանն ասել է, որ ՀՀ բոլոր իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։
«Մենք ասում ենք` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտ երկխոսության ձևաչափով»,– ասել է Փաշինյանը՝ կարևորելով միջազգային երաշխիքների ստեղծման անհրաժեշտությունը։
Նա կրկնել է, որ Ադրբեջանը ձգտում է Արցախում էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն վարել, և ՀՀ խնդիրն է դրան հակազդելը, այդ թվում նաև «Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների միջոցով և Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսություն վարելու միջոցով»։
Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։
«86,600 քառակուսի կիլոմետրն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29,800 քառակուսի կմ-ի հետ։ 29,800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները»,- ասել է նա։ Վարչապետը նշել է, որ դա քաղաքական դիրքորոշում է, իսկ հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել։
«Անկլավների մասով մի քանի տարբերակ կա։ Մեկը՝ որ գծի երկու կողմում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության տակ, որտեղ գտնվում են։ Ենթադրենք՝ չափել Արծվաշենի տարածքը, մյուսներինը և, ըստ այդմ, գործել հավասարության սկզբունքի հիման վրա։ Մյուս տարբերակը՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արծվաշենը վերադառնա ՀՀ-ին, մյուսները՝ վերադառնան մյուս կողմին», – ասել է նա։
Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», – հայտարարել է Միշելը։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նյութն արտատպված է՝ PanArmenian.net-ից