Դեկտեմբերի 22-ին Վրաստանի խորհրդարանին չի հաջողվել արտահերթ նիստում ընտրել նոր օմբուդսմեն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և ԿԸՀ անդամներ։
ԿԸՀ անդամներին ու նախագահին ընտրելու համար անհրաժեշտ էր 100 պատգամավորի ձայն, սակայն թեկնածուները խորհրդարանից ոչ մի ձայն չեն ստացել։
ԿԸՀ նախագահի և երկու անդամների լիազորությունների ժամկետը լրացել է այս տարվա օգոստոսին։
Օրենսդրությամբ սահմանված կանոնների համաձայն՝ հուլիսի 13-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մրցույթ էր հայտարարել խորհրդարան ներկայացվելիք թեկնածուների ընտրության համար։
Նախագահը խորհրդարանին է ներկայացրել ԿԸՀ նախագահի պաշտոնում Թամար Ալփաիձեի և Ռևազ Էգաձեի, իսկ ԿԸՀ-ի անդամների պաշտոնում՝ Քրիստինե Քաջաիայի և Լևան Իսակաձեի, իսկ ավելի ուշ՝ Նաթիա Ծիպտաուրիի և Գիորգի Մարսագիշվիլիի թեկնածությունները։
Վրաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել նաև հանրային պաշտպանին։ Խորհրդարան ներկայացված 19 թեկնածուներից բոլոր 19-ը ձախողվել են։ Վրաստանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն՝ խորհրդարանը պետք է ընտրեր հանրային պաշտպանին 6 տարի ժամկետով՝ ընդհանուր անդամների առնվազն երեք հինգերորդի մեծամասնությամբ։ 90 ձայն է հարկավոր, որը չունի խորհրդարանական ոչ մի կուսակցություն, և անհրաժեշտ է քաղաքական համաձայնություն։
Օմբուդսմենի պաշտոնի համար դիմել է 19 մարդ։ Նրանցից խորհրդարանական ընդդիմությունը պաշտպանել է Աննա Աբաշիձեի, Գիորգի Բուրջանաձեի և Նազի Ջանեզաշվիլիի թեկնածությունները։ Իշխող թիմը խորհրդարանին առաջարկում էր հանրային պաշտպանին ընտրել հետևյալ հինգ թեկնածուներից՝ Լելա Գափրինդաշվիլի, Թինաթին Էրկվանիա, Նուգզար Կոխրեիձե, Գիորգի Մարիամիձե և Քեթևան Չաչավա։ Արդյունքում մեծամասնությունը չքվեարկեց թեկնածուներից ոչ մեկի օգտին։