«Ազատ Վրաստան» կուսակցության պատգամավորի մեծամասնական թեկնածու Սամվել Եղիազարյանը, ով առաջադրվել էր Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքից, այսօր հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:
Սեպտեմբերի կեսին «Ազատ Վրաստան» կուսակցության նախագահ Կախա Կուկավան Ախալքալաքում ներկայացրել էր իր կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածուին, նախկին ոստիկան Սամվել Եղիազարյանին: Այսօր Սամվել Եղիազարյանը հանել է իր թեկնածությունը սեփական նախաձեռնությամբ:
Նրա խոսքով, ինքը որոշումը կայացրել է անձամբ, և այս որոշման վրա որևէ ճնշում չի գործադրվել:
«Խորանալով քաղաքականության մեջ՝ ես որոշեցի, որ դա իմը չէ: Ես հանում եմ իմ թեկնածությունը: Ես ուզում եմ ասել, որ ինչպես նախկինում՝ մաքուր, գեղեցիկ ձևով պարկեշտ էի՝ իմ ժողովրդի և պետության հետ, այդպես մաքուր և պարկեշտ էլ կմնամ մինչև վերջ: Ինձ վրա ճնշում չի եղել, և չեն եղել սպառնալիքներ: Սա զուտ իմ որոշումն է: Կուսակցությունը ըմբռնումով է վերաբերել իմ որոշմանը», – JNEWS-ին հայտնեց Սամվել Եղիազարյանը:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Ախալքալաքում ընտրություններին արդեն կմասնակցի 5 մեծամասնական և 2 համամասնական թեկնածու: «Լելո» կուսակցության թեկնածու Սոցկար Փութուլյանը նույնպես հանել էր իր թեկնածությունը: