Արդեն մի քանի օր է, ինչ Ախալքալաքում սկսվել է դեպի Հայաստան և Թուրքիա տանող մայրուղիներն իրար կապող ճանապարհահատվածի վերականգնումը: Ընդհանուր առմամբ, կվերանորոգվի ճանապարհի 2,5 կմ ճանապարհ։
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հունիսի 23-ին տենդեր էր հայտարարել վերոնշյալ ճանապարհահատվածի վերականգնման համար: Աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 2 686 610 լարի: Տենդերը հաղթել է «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը:
Ընկերության աշխատակիցների խոսքերով, աշխատանքները սկսվել են մի քանի օր առաջ և կշարունակվեն ավելի քան մեկ ամիս: Այս փուլում ճանապարհի հիմքի պատրաստման աշխատանքներ են տարվում:
Ճանապարհի վերակառուցման աշխատանքների պատճառով, տվյալ հատվածում երթևեկությունը դժվարացել է: Այն հայտվածներում, որտեղ մեքենաներ են աշխատում, երթևեկը միակողմանի է դարձել:
Հարկ է նշել, որ վերակառուցվող ճանապարհը գտնվում էր քարուքանդ վիճակում և վարորդների համար իսկական փորձություն էր երթևեկել այդտեղով:
Հավելենք, որ այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային վարչությունը նախատեսում է իրականացնել երկու ենթակառուցվածքային նախագիծ: Առաջին նախագիծը Կորխի կամրջից դեպի Ախալքալաք տանող ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածի վերականգնումն է, իսկ երկրորդը` Հայաստան և Թուրքիա տանող մայրուղիներն իրար կապող 2,5 կմ ճանապարհահատվածի վերականգնումը:
Բրատիսլավ Իգիթխանյան