Այսօր աշխարհի բոլոր հայերը, միասնացած նշում և հիշում են ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ Օսմանյան կայսրությունում սպանվեց շուրջ մեկուկես միլիոն հայ, ևս այդչափ մարդիկ սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ: Ախալքալաքում հայերի հետ միասին ցավակից են վրացիներն ու հույները…
Ախալքալաքում առավոտվանից հայկական եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի խաչքարին ծաղիկներ են խոնարհվում: Եկեղեցում պատարագ է մատուցվել, որից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել միջոցառում` ի հիշատակ անցյալ դարի սկզբի ողբերգական իրադարձությունների:
Չնայած կորոնավիրուսին՝ ուսանողները, ոստիկանները, տեղական ինքնակառավարման մարմինների և տարբեր պետական կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչները և շարքային քաղաքացիները գալիս են ծաղիկներ խոնարհելու խաչքարին: Այս տարի ներկա էր նաև ՎՈՒԵ մետրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին: