Հեռավոր, բարձրալեռ Օլավերդ գյուղի բնակիչներն այսօր բողոքում էին Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց: Ինչպես Ախալքալաքի մունիցիպալիտետի այլ գյուղերում, որոնք զբաղվում են անասնապահությամբ, Օլավերդ գյուղում նույնպես խնդիրները կապված են Վրաստանի այլ շրջանների եկվոր հովիվների հետ:

Ըստ Օլավերդի բնակիչների, Վրաստանի այլ շրջանների եկվոր հովիվների հետ կապված խնդիրները վաղուց կան, բայց վերջնականապես համբերության բաժակը լցվել է այն պատճառով, որ արդեն 7 օր է գյուղում ջուր չկա: Պատճառն այն է, որ ջրամատակարարման համակարգը վնասվել է, որի միջոցով Լևանա լճից՝ որը գտնվում է սարերում, ջուրը հասնում է գյուղ: Օլավերդի բնակիչները վստահ են, որ այս բարձունքում միայն այլ շրջանի քոչվոր հովիվներն են գտնվում, ովքեր արոտավայրեր են վարձում: Նրանց խոսքով՝ ջրատարը ծակել են անասունները ջրելու համար: Ցուցարարների խոսքով, բնակիչները դիմել են ոստիկանություն՝ ջրագիծը վնասելու փաստի առթիվ: Ոստիկանությունը գործ է հարուցել:

boghoq-olaver3

Սակայն գյուղացիների դժգոհությունը կապված է նաև այն փաստի հետ, որ եկվոր հովիվները հաճախ խախտում են վարձակալության պայմանագիրը և իրենց բազմահազարանոց նախիրները արածեցնում գյուղին պատկանող տարածքում:

Նաև փակ սահմանների պատճառով ի հայտ է եկել մեկ այլ խնդիր՝ դժգոհությունն ընդհանուր առմամբ կապված է գործազրկության հետ: Քանի որ աշխատանք չկա, գյուղի բնակիչներին մնում է զբաղվել միայն անասնապահությամբ, քանի որ գյուղը լեռնային է, և այնտեղ գործնականում անհնար է այլ բանով զբաղվել, որպեսզի կերակրեն իրենց ընտանիքները: Բացի այդ, բնակիչները վախենում են, որ եթե ջրագիծը վնասվի, ամբողջ գյուղը անպաշտպան կլինի, քանի որ այս ջուրը խմում են բոլոր գյուղացիները: Օլավերդի բնակիչները նախազգուշացնում են տեղի իշխանություններին, եթե այս հարցը չլուծվի, նրանք կամ կփակեն դեպի Ախալցիխե տանող ճանապարհը, կամ ամբողջ գյուղն ինքնուրույն կարտաքսի եկվոր հովիվներին:

boghoq-olaver

Այս խնդիրներով նրանք հավաքվել էին Ախալքալաքի քաղաքապետարանի բակում, իսկ հետո հանդիպել քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ: Ախալքալաքի քաղաքապետն իր հերթին խոստացավ լուծել վնասված ջրագծի հարցը և պայմանագրի պայմանների խախտման դեպքում ամեն ինչ լուծել օրենքի շրջանակներում:

«Ես արդեն պարզեցի, թե ինչումն է խնդիրը: Մենք պայմանագիրը կվերցնենք Էկոնոմիկայի ծառայությունից և կպարզենք, թե այն ում հետ է կնքված: Որքան ես գիտեմ, այս երկու օրվա ընթացքում անասունների տերը պետք է գա, որը երեխաներին տարել է դպրոց: Կռվելը բացառվում է, կռվով խնդիր լուծելը հարիր չէ մեր բնակչությանը: Եթե ինչ-որ մեկը տուժի, ինչ ենք անելու այդ ժամանակ: Եվս մեկ անգամ կրկնում եմ, մենք այս հարցը կլուծենք: Եթե նրանք խախտել են պայմանագրի կանոնները, մենք կարող ենք չեղյալ հայտարարել վարձակալության պայմանագիրը: Այս հողամասը աճուրդի էր հանվել 10 օրով: Դուք պետք է հասկանաք, թե ինչպես է այս հողը հասել այս մարդուն: Մեկ հեկտարի դիմաց տալիս են 60-70 լարի: Սա մեծ օգուտ է բյուջեի համար: Գումարը մեզ չի հետաքրքրում, մեզ ավելի շատ անհանգստացնում է գյուղը: Ոստիկանությունից մեզ ասացին, որ կանչել են այս մարդուն: Ես պետք է ներկա լինեմ այդ հանդիպմանը: Մենք ամեն ինչ կանենք օրենքի սահմաններում, այլ ճանապարհ չկա», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

boghoq-olaver2