Առաջիկա օրերին Վրաստանի կառավարությունը որոշում կկայացնի վերսկսել հունգարական ցածրարժեք «WizzAir» ավիաընկերության կանոնավոր ավիաչվերթները: Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Ըստ նրա՝ մեկ այլ ցածրարժեք ավիաընկերության՝ իռլանդական «Ryanair» ավիափոխադրողի հետ, ակտիվ բանակցություններ են տարվում չվերթները վերսկսելու առումով: Ակնկալվում է, որ հարցը կլուծվի այս տարի:
«Վրաստանը մտել է հարմարվելու փուլ, ինչը նշանակում է, որ խիստ արգելքների փոխարեն մենք մտադիր ենք ապրել համաճարակի պայմաններում: Տնտեսությունը գործելու է համաճարակին զուգահեռ, ինչը նշանակում է ավելի բաց սահմաններ: Մենք վերսկսում ենք չվերթները փուլ առ փուլ: Օրինակ, սեպտեմբերին նախատեսված է մինչ 90 չվերթ»:
Ինչ վերաբերում է «WizzAir»-ի կանոնավոր չվերթներին, ապա ըստ Թուրնավայի, Վրաստանի իշխանությունները մտադիր են շատ զգույշ գործել՝ նոր և ամենաապահով ուղղությունները կվերսկսեն քայլ առ քայլ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը կերկարաձգի միջազգային կանոնավոր չվերթների սահմանափակումները մինչ սեպտեմբերի 30-ը: Արգելքը չի տարածվում դեպի հետևյալ քաղաքներ ուղիղ չվերթների վրա՝ Մյունխեն (Գերմանիա), Փարիզ (Ֆրանսիա) և Ռիգա (Լատվիա):