Այսօր, սեպտեմբերի 16-ին՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում մեծամասնական պատգամավորի անկախ թեկնածու Հենզել Մկոյանը նախընտրական շտաբ է բացել: Երկու քաղաքներում էլ թեկնածուն խոսել է իր կատարած գործերի և առաջիկա ծրագրերի մասին:

Ախալքալաքի կենտրոնական զբոսայգու հարևանությամբ հավաքված բազմությանը պատգամավորի անկախ թեկնածուն դիմել է հետևյալ խոսքերով.

«Ես 21 տարի է պատգամավոր եմ, միշտ ընտրվել եմ նույն շրջանից, իսկապես ժողովրդի խնդրանքն էր, որ նորից առաջադրվեմ: Երբ ժողովուրդն ինձ Սաթխայում ասաց, եթե չառաջադրվեմ ու չցանկանամ նորից դառնալ նրանց պատգամավորը, ինձ դավաճան կհամարեն, ես մտածեցի և անպայման համաձայնեցի։ Այսօր մեր շտաբների բացումն է։ Այսօրվանից հետո մենք պետք է անպայման, ամեն օր աշխատենք ժողովրդի հետ, կունենանք մեր ակտիվիստները, անպայման բոլոր գյուղերում մի քանի անգամ պետք է շրջենք, որպեսզի ժողովրդի վստահությունն զգանք»։

Մկոյանը կարևորել է՝ արդար և առանց ճնշումների ընտրություններ անցկացնելու հանգամանքը:

«Մենք այսօր բոլոր կողմերից զգում ենք ճնշումներ, նույնիսկ այն երիտասարդներին, ովքեր մեր հետ են, որոնց հետ երեկ հանդիպում ենք ունեցել, արդեն գիշերը նրանց հանդիպել են ուժայինները, ասել են, որ չգնան շտաբի բացմանը: Չի կարելի, սա դեմոկրատիա չէ։ Թող ժողովուրդն իր ընտրությունը կատարի, պետք չէ ժողովրդին վախեցնել, որոշողը ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսներն են, այլ ժողովուրդը»,- հայտարարել է պատգամավոր անկախ թեկնածու Հենզել Մկոյանը։

Վերջինս նաև նշել է, որ, ըստ իրեն անկախ թեկնածու նշանակում է, որ իր կուսակցությունն իր ժողովուրդն է։

111

Մկոյանը հավաքվածներին բացատրել է, թե ինչու է ժողովուրդն այսօր իրեն սատարում։ Ինչպես նաև խնդրել է չխանգարել, մարդկանց չվախեցնել, որպեսզի արդար ընտրություններ լինեն, հակառակ պարագայում նոյեմբեր ամսին պատասխան կտան դրա համար:

«Ինչո՞ւ է ժողովուրդն այսօր մեր կողքին կանգնած։ Այն մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ մեկ կամ երկու տարվա պատմություն ունեն, նրանց ժողովուրդը չի գնահատի: Դուք գիտեք, որ ես ամեն ամիս ընդունելություններ եմ ունեցել ժողովրդի հետ, լսել և կատարել եմ նրանց կամքը։ Երևի դա է հիմնական պատճառը և ժողովուրդը հիմա դա գնահատում է։ Մեզանից լավ ոչ մեկ չգիտի, թե ինչ է ընտրությունները։ Պետք է անցկացնենք գրագետ, խելացի և ժողովրդական ընտրություններ։ Մենակ մի խնդրանք թող մեզ թողնեն, որ արդար ընտրություն լինի, թող ժողովրդին չվախեցնեն, իսկ եթե վախեցնեն, ապա նոյեմբերին կարող է իրենք պատասխան տան դրա համար», – ասել է նա։

Այնուհետև պատգամավորի անկախ թեկնածուն թվարկել է իր ընտանիքի կատարած բարեգործությունները։