Այս տարի Վրաստանի պետական բուհեր ընդունված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողներից 196-ը սովորելու է անվճար հիմունքներով, նրանք պետության կողմից 100 տոկոսանոց դրամաշնորհ են ստացել։

Ինչպես JNEWS-ին հայտնեցին Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից, 2020 թվականի միասնական ազգային քննություններին Վրաստանում ընդհանուր գրանցվել է 39 381 դիմորդ, որից 37 195 դիմորդ քննություն է հանձնել, իսկ կրթությունը տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու իրավունք է ստացել՝ 28 423 ուսանող, որից 1 191-ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

krtutyun
Infogram

Այս տարի Վրաստանում պետական ֆինանսավորում է ստացել 6 743 ուսանող։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողներից 100% պետական դրամաշնորհ է ստացել 196 ուսանող։ Ընդհանուր ակադեմիական դրամաշնորհ 100% ստացել է 1007 ուսանող, 70%՝ 1460 ուսանող, 50%՝ 4080 ուսանող, այս տարի 30% դրամաշնորհ ոչ մի ուսանող չի ստացել։

JNEWS-ի հարցմանը, թե ազգային փոքրամասնություն ներկայացնող ազգությամբ քանի հայ դիմորդ-ուսանող է Վրաստանում ստացել պետական դրամաշնորհ և ընդունվել բուհեր, Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից չեն մանրամասնել, նշելով, որ կոնկրետ առանձնացված տվյալներ դեռևս չունեն:

Գայանե Ակոջյան