Վրաստանի կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կորոնավիրուսի պատճառով այլևս խիստ սահմանափակումների անհրաժեշտություն չլինի, քանի որ երկրի տնտեսությունն այլևս չի դիմանա նման հարվածի: Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Վերջին երեք օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակ, երեք օր առաջ՝ 45, երեկ չէ առաջին օրը՝ 44, երեկ՝ 57, իսկ այսօր՝ 87: Ընդհանուր առմամբ, փետրվարին համաճարակի սկզբից ի վեր, երկրում արձանագրել է վարակի 1830 դեպք, իսկ ապաքինված մարդկանց ընդհանուր թիվը՝ 1 334, դա վարակվածների 73%-ն է:
Մասնագետները կոչ են անում խուճապի չմատնվել և կապել ավելացված թվերը թեստավորման ընդլայնման և արձակուրդային ժամանակահատվածի պատճառով բնակչության շարժունակության բարձրացման հետ:
«Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի խուսափենք խոշոր սահմանափակիչ միջոցառումներից, որոնք մենք արդեն անցել ենք: Մեր տնտեսությունն, իհարկե, այլևս չի դիմանա նման հարվածի: Ուստի նպատակային միջոցառումներով, ինչպես նաև մեր բժշկական անձնակազմի արհեստավարժության շնորհիվ, հուսով ենք, որ այս գործընթացը կանցնենք համեմատաբար թեթև», – ասել է Թուրնավան:
Երկրում տնտեսական ակտիվության անկումը, որը պայմանավորված էր կորոնավիրուսի տարածման ռիսկի հետ կապված սահմանափակումներով, ինչպես նաև բնակչության տուժած շերտերին կառավարության լայնածավալ օգնությամբ, հանգեցրեց բյուջեի պակասորդի աճին` գրեթե 8%-ով:
Միջազգային ֆինանսական հաստատությունների օգնությունը դարձել է պակասորդը ծածկելու հիմնական աղբյուրներից մեկը: Վրաստանը 1.5 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն է ստացել միջազգային ֆինանսական հաստատություններից: Մյուս կողմից, դա հանգեցրեց երկրի արտաքին պարտքի զգալի աճին:
Վրաստանում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը տուժել են կորոնավիրուսից, ներառյալ առևտուրը: Արտաքին առևտրի շրջանառությունը 2020 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 17,6%-ով և կազմել ավելի քան 6 միլիարդ դոլար: Նախնական տվյալների համաձայն, տնտեսության մեկ այլ կարևոր հատվածի` զբոսաշրջության կորուստները կկազմեն մոտ 70%: