Վաղվանից կարգելվեն տարեդարձերը, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները։ Այս մասին Համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:
Նրա խոսքով՝ վաղվանից այսպես կոչված սոցիալական միջոցառումները կարգելվեն ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում:
«Կարևոր որոշում է կայացվել նաև այսպես կոչված սոցիալական միջոցառումների հետ կապված, ինչպիսիք են՝ հոբելյանները, հարսանիքները, տոնակատարությունները և այլ ծիսական միջոցառումները: Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը՝ որոշվեց, որ վաղվանից սոցիալական այս իրադարձությունները արգելվելու են, մենք վերադառնալու ենք նախկինում գոյություն ունեցող սահմանափակումներին, այսինքն՝ խոսքը վերաբերում է հարսանիքներին, հոգեհացերին, տարեդարձերին: Այս սահմանափակումն արդեն գործում է փակ տարածքում, բայց վաղվանից այն կտարածվի նաև բաց տարածքների վրա», – ասել է Մեզվրիշվիլին:
Ինչ վերաբերում է սպորտային միջոցառումներին, համաճարակաբանական իրավիճակը հաշվի առնելով, որոշվել է սահմանափակել ավելի քան 200 մարդու մասնակցությամբ մշակութային և սպորտային միջոցառումների անցկացումը:
Նրա խոսքով, կարգը չպահպանելու համար գործում են համապատասխան պատժամիջոցներ:
«Մենք կոչ ենք անում քաղաքացիներին հնարավորինս պահպանել կանոնները և սոցիալական պատասխանատվություն ցուցաբերել», – ասել է Մեզվրիշվիլին:
Բացի այդ, թատրոնների, կինոթատրոնների, մանկական ժամանցի կենտրոնների բացումը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 1-ը:
«Այս օբյեկտների մի մասը պետք է բացվեր սեպտեմբերի 15-ից, իսկ ոմանք էլ հոկտեմբերի 1-ից, բայց հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, դրանց բացումը հետաձգվել է ևս մեկ ամսով», – հայտնել է կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին: