Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում ավարտվել է ջրամատակարարման համակարգի վերականգնումը: Գյուղի ջրագծի ասբեստե խողովակները փոխարինվել են պլաստմասե խողովակներով:
Կարտիկամ գյուղում ջրամատակարարման համակարգի վերականգնման համար տեղական բյուջեից հատկացվել է 120 048 լարի: Տենդերը շահել է «Արո» ՍՊԸ-ն: Ընդհանուր առմամբ, վերանորոգվել է 2 կմ 200 մետրանոց ջրագիծը, որը խմելու ջրով է ապահովում գյուղի մի մասին:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի այն հատվածը, որը գտնվում է համեմատաբար ավելի բարձր դիրքում, միշտ խմելու ջրի պակասի խնդիր է ունեցել, հատկապես ձմռան շրջանում: Ջրագիծը ծառայել է երկար տարիներ և ասբեստե խողովակների վրա ճեղքեր էին գոյացել, ջուրը արտահոսում էր, և ըստ այդմ՝ ճնշման անկում էր նկատվում։
Կարտիկամ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Շալո Էլիզբարյանի խոսքով, նախագիծը կազմվել է 2019 թվականին, բայց աշխատանքներն իրականացվել են այս տարի:
Կարտիկամում ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներն ավարտվել են մի քանի օր առաջ, և այս պահին գյուղում խմելու ջրի խնդիր չկա:
Բրատիսլավ Իգիթխանյան