Ախալքալաքի մունիցիպալիտետը 2020 թվականի սկզբից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ հայտարարել է 108 էլեկտրոնային մրցույթ՝ ընդհանուր գումարի չափը կազմում է 17 653 964 լարի:
Ախալքալաքի քաղաքապետարանի 2020 թ. սկզբից մինչև սեպտեմբերի 3-ն անցկացրած էլեկտրոնային մրցույթները վերաբերում են շինարարա-մոնտաժային աշխատանքներին, «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականցվող աշխատանքներին, ինչպես նաև հեռահաղորդակցական ծառայությունների պետական գնումներին, անվտանգության ծառայությունների գնումներին և այլն:
Քաղաքապետարանում բոլոր աշխատանքներն ու գնումներն իրականացվում են պետական գնումների կայքի միջոցով՝ tenders.procurement.gov.ge.
Մունիցիպալիտետի կողմից հայտարարված 108 էլեկտրոնային մրցույթներից 18-ը չեն կայացել տարբեր պատճառներով` հիմնականում մրցութային փաստաթղթերի պահանջները չկատարելու կամ մասնակիցների բացակայության պատճառով: Այս փուլում ձախողված տենդերների ընդհանուր գումարը 1 738 644 լարի է: Սակայն չկայացած էլ. մրցույթների մի մասը լրամշակվել և արդեն կայացել են, իսկ մի մասը վերջերս է հայտարարվել և դեռ ընթացքի մեջ է:
Մունիցիպալիտետում 18 չկայացած տենդերներից ամենախոշոր նախագծերը հետևյալն են.
· Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման էլեկտրոնային մրցույթը, որը հայտարարվել է 434 630 լարիի չափով, չի կայացել 2 անգամ, որից հետո երրորդ անգամ է հայտարարվել և այն հաղթել է «Արալի» ընկերությունը՝ 400 000 լարիի չափով:
· Ազատության փողոցի վերջնամասի հիմնանորոգման և ամբողջ քաղաքում ճանապարհների նորոգման աշխատանքների համար տենդերը չի կայացել՝ մասնակիցների բացակայության պատճառով: Այս պահին կրկին տենդեր է հայտարարվել՝ 97 920 լարիի չափով:
· Կումուրդո (Գումբուրդո) գյուղում 1 033 736 լարիի չափով մանկապարտեզի կառուցման տենդերը չի կայացել, բայց դեռ կրկին չի հայտարարվել:
· Թափառող շներին բռնելու և նրանց ապաստարան տեղափոխելու տենդերը տեղի չի ունեցել 2 անգամ, երրորդ անգամ այն հաղթել է ֆիզիկական անձը՝ Օզուրգեթիի բնակիչ Լերի Չխարտիշվիլին, 16 881 լարիի չափով:
· Կարտիկամ գյուղում 16 936 չափով խաղահրապարակի կառուցման մրցույթը չի կայացել և դեռ չի հայտարարվել:
Սեպտեմբերի 3-ի դրությամբ հայտարարված 8 տենդեր ընթացքի մեջ է, որի ընդհանուր գումարը կազմում է 2 907 529 լարի:
Նշենք, որ անցած 2019 թ.-ին էլ. մրցույթների ընդհանուր գումարը կազմել է 11 479 781 լարի, ներառյալ ուղղակի պայմանագրերը:
2010 թվականից Վրաստանում ներդրվել է պետական գնումների էլեկտրոնային համակարգ:
Բրատիսլավ Իգիթխանյան