Ախալքալաքում շարունակվում է թափառող շներին բռնելու ու ապաստարան տեղափոխելու գործընթացը: Այս փուլում 34 թափառող շուն արդեն բռնվել է, բայց գործընթացը դեռ շարունակվում է:

Թափառող շներին բռնելու գործընթացն Ախալքալաքում ընթանում է մեկ ամսից ավելի: Առաջին շրջայցը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ, այն ժամանակ 17 շուն են բռնել, երկրորդը՝ մի քանի օր առաջ՝ բռնել են կրկին 17 շուն:

Շներին հատուկ մեքենայով տեղափոխում են Օզուրգեթիի ապաստարան, իսկ հիվանդ շներին՝ ենթարկում էվթանազիայի:

Ախալքալաք քաղաքում քաղաքապետի ներկայացուցիչ Աշոտ Նահատակյանի խոսքով, այս փուլում արդեն բռնել են թափառող 34 շուն, բայց գործընթացը շարունակվում է: Պատվաստումից հետո, ըստ նրա, շներից մի քանիսին արդեն հետ են բերել:

Անօթեւան շներին բռնելու և ապաստարանում տեղափոխելու տենդերը շահել է Օզուրգեթիի բնակիչ Լերի Չխարտիշվիլին: Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 16 881 լարի:

Ըստ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի, այս տարի շան կծելու 23 դեպք է գրանցվել:

Շներին պետք է բռնել միջազգային չափանիշներին համապատասխան և տեղափոխել հատուկ մեքենաներով: Անհրաժեշտության դեպքում, լուրջ հիվանդ կենդանիները կարող են էվթանազիայի (կենդանու ցավազուրկ սպանդ) ենթարկվել և թաղել:

Բրատիսլավ Իգիթխանյան