Ախալքալաքի շրջանում ենթակառուցվածքների զարգացման աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 2 086 000 լարի, ինչպես նաև կատարվել է հարցում պետական բյուջեից ենթակառուցվածքների աշխատանքների անցկացման ֆինանսավորման համար 2 929 000 լարիի չափով:
Ախալքալաքի շրջանում պետական բյուջեի միջոցների հաշվին 2016 թվականին մտադիր են անցկացնել 16 ենթակառուցվածքային-վերականգնողական աշխատանքներ. քաղաքի 14 փողոցների հատվածների ու բազմահարկ շենքերի բակերի, դեպի Բավրա գյուղ տանող 1132 մետրանոց ճանապարհի ասֆալտապատում, ինչպես նաև Բուռնաշեթ գյուղի ջրատարի նորոգում ու քաղաքային ստադիոնի վերանորոգում: Այս բոլոր աշխատանքների համար վարչությունը պահանջել է պետական բյուջեից 2 929 000 լարի:
«Թե որքան կհատկացվի պետական բյուջեից` չգիտենք, բայց քանի դեռ որոշումը չի հանվել, որ մենք վերջնականապես իմանայինք, դրա համար էլ մանրամասն չեմ անվանի փողոցները, հանկարծ չնվազեցնեն գումարը` անհարմար չստցավի, կարող է և ավելացնեն: Դեռ մենք չգիտենք», – ասում է Տնտեսության և ենթակառուցվածքների բաժանմունքի մասնագետ Ռազմիկ Նահատակյանը:
Տեղական բյուջեից 2 086 000 լարին կբաժանվի հետևյալ աշխատանքների համար: Ասֆալտապատված փողոցների փոսերի նորոգումների համար կհատկացվի 70 հազար լարի: Աբուլ գյուղի ջրատարի նորոգման համար կհատկացվի 93 500 լարի, անցյալ տարի այդ աշխատանքի համար հատկացվել էր 10 000 լարի: Ծրագրված աշխատանքերից շատերը սկսվել էին դեռ նախորդ տարի, ինչպիսիք են Մերենիա գյուղի ջրատարի նորոգումը, որի համար այս տարի հատկացվել է 104 500 լարի (անցյալ տարի հատկացվել էր 25 800 լարի): Բեժանո-Տուրցխ ջրատարի համար վարչությունը այս տարի հատկացրել է 69 000 լարի, անցյալ տարի դրա համար հատկացվել էր 129 750 լարի, շուկայի տարածքի բարեկարգման համար այս տարի հատկացվել է 147 000 լարի, անցյալ տարի հատկացվել էր 94 000 լարի:
Խանդո գյուղի ջրամատակարարման համար հատկացվել է 4500 լարի, իսկ Մյասնիկյան գյուղի ջրի ակունքային շինության համար 35 000 լարի, Ալաստան գյուղի ջրամբարի կառուցման համար 300 000 լարի: Լուսակիրների բարեկարգման համար 40 000 լարի, իսկ Խավեթ գյուղի հանդիսությունների տան համար հատկացվել է 22 000 լարի:
Շրջանային վարչության շինությունների վերանորոգման համար հատկացվել է 500 500 լարի, դրանից №1 մանկապարտեզի համար 60 000 լարի, №2 մանկապարտեզի համար` 79 400, իսկ №3 մանկապարտեզի համար 97 000 լարի: Հատկացվել է նաև գումար Գումբուրդո, Կոթելիա և Ազավրեթ գյուղերի մանկապարտեզների համար, իսկ Գեղարվեստի դպրոցի նորոգման համար կհատկացվի 2500 լարի:
Այս տարի հատկացվել է գումար քաղաքային Մշակույթի տան ջեռուցման համակարգի համար` 150 000 լարիի չափով: Քաղաքային «Խաս Բախչա» այգում ատրակցիոնների տեղադրման համար կհատկացվի 10 000 լարի, մինի մարզադաշտի կառուցման համար հատկացվելու է 30 000 լարի, բարձրահարկերի ճակատային մասերի նորոգման համար՝ 100 000 լարի , Զինվորական ծառայության շինության համար հատկացվել է 60 000 լարի, փողոցային լուսավորման անցկացման համար – 130 000 լարի, արտաքին լուսավորման սպասարկման համար – 40 000 լարի և սպասարկման ծախսերի համար 100 000 լարի:
Բյուջեն գումարներ է հատկացրել եկեղեցիների հոսանքի ծախսերի համար: Վրացական եկեղեցուն հատկացվել է 2000 լարի, հայ առաքելական եկեղեցուն՝ 2000 լարի, իսկ հայ կաթոլիկ եկեղեցուն՝ 1000 լարի:
Հատկացված են նաև գումարներ քաղաքի աղբից ու ձնից մաքրման աշխատանքների համար:
Շուշան Շիրինյան