Միանգամից մեծ թվով մարդկանց գրանցման պատճառով, ովքեր ցանկանում են երեխաների համար միանվագ օգնությունը ստանալ, պետական կայքն աշխատում է խափանումներով: Այս մասին հայտնում են Վրաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Զրոյից մինչև 18 տարեկան երեխաների համար 200 լարի օգնություն ստանալու համար, ծնողները daxmareba.moh.gov.ge հատուկ կայքէջում գրանցում կարող են անցնել օգոստոսի 15-ից:
«200 լարի օգնությունը ստանալու համար daxmareba.moh.gov.ge էլեկտրոնային պորտալում գրանցումը դժվարացած է տեխնիկական խնդիրների պատճառով: Խնդիրներն առաջացել են նրանով, որ մեծ թվով մարդիկ միաժամանակ գրանցվել են կայքում», – հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Գերատեսչությունը ներողություն է խնդրում ստեղծված անհարմարության համար: Նախարարությունը խոստանում է, որ մասնագետները հնարավորինս արագ կկարգավորեն խնդիրը:
Օգտատերերին նաև հիշեցնում են, որ նրանք կարող են օգնության համար հայտադիմումը ներկայացնել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:
«Համապատասխանաբար, յուրաքանչյուրին հնարավորություն կտրվի գրանցվել՝ ստանալու համար նշված օգնությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Գրանցման մասին համապատասխան ուղեցույցը հասանելի է առողջապահության նախարարության www.moh.gov.ge կայք-էջում, ինչպես նաև daxmareba.moh.gov.ge պորտալում:
Եթե անհատը չի կարողանում գրանցվել, ապա նա պետք է կապ հաստատի սոցիալական ծառայությունների բաժնի, Վրաստանի տարածքային զարգացման նախարարության կամ Տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակների հետ: Կարելի է կապ հաստատել նաև Արդարադատության տան մասնաճյուղերի, Հանրային կենտրոնների և «Liberty Bank»-ի մասնաճյուղերի հետ:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ` զանգահարելով Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 1505:
Օգոստոսի 6-ին, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության աջակցության նոր փուլի մասին: Օգնության շրջանակներում, պետության կողմից 200 լարիի չափով միանվագ օգնություն կստանան Վրաստանի 18 տարեկանը չլրացած բոլոր քաղաքացիները: