Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:

«ՄԱԿ-Կանայք» կազմակերպությունն ու Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել են կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ նոր հետազոտություն, որը ցույց է տալիս, որ երկրում կանանց 59,9 տոկոսը և տղամարդկանց 74,7 տոկոսը կարծում են՝ կնոջ ամենակարևոր դերը ընտանիքի մասին հոգալն է:

Քանակական հետազոտության շրջանակում հարցվել են 15-ից 69 տարեկան 3300 կանայք և 1100 տղամարդիկ, որոնք բնակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ այլ քաղաքներում ու գյուղերում: Որակական հետազոտությունը ներառել է 15 հարցազրույց, 16 ֆոկուս խումբ և 40 խորը հարցազրույց 171 հարցվածների հետ:

Հետազոտության շրջանակներում մասնակիցներին տրվել են հարցեր սոցիալական նորմերի վերաբերյալ, օրինակ՝ արդյոք նրանք համաձայն են ընտանիքում կանանց և տղամարդկանց դերերի և զուգընկերների հանդեպ պարտավորությունների վերաբերյալ տարբեր դրույթների հետ: Որոշ դրույթներ վերաբերվել են կանանց դերի վերաբերյալ ավանդական, հայրիշխանական հայացքների, իսկ մյուսներն արտացոլել են գենդերային հավասարությունը պաշտպանող տեսակետներ:

Ի՞նչ են պատասխանել կանայք

● Հարցված կանանց 59.9 տոկոսը կարծում է, որ կնոջ ամենակարևոր դերը ընտանիքի մասին հոգալն է։ 2017-ի համանման ուսումնասիրության արդյունքներով այս ցուցանիշն ավելի բարձր էր՝ 65,8 տոկոս։

● Կանանց 20,2 տոկոսը կարծում է, որ կինը պետք է համաձայնի կամ հնազանդվի իր ամուսնու կարծիքին, նույնիսկ եթե վստահ չէ, որ նա ճիշտ է կամ ընդհանրապես համաձայն չէ կարծիքի հետ։ 2017 թվականին այս ցուցանիշը 22,7 տոկոս էր։

● Կանանց 55,1 տոկոսի կարծիքով՝ տղամարդը պետք է վերահսկի և ղեկավարի տունը։

● 15-24 տարեկան կանայք ավելի քիչ են հավատում, որ կնոջ հիմնական դերը ընտանիքի մասին հոգալն է (30,5 տոկոս), որ տղամարդը պետք է վերահսկի և ղեկավարի տունը (30,9 տոկոս), իսկ կինը պետք է համաձայնի կամ հնազանդվի ամուսնու կարծիքին, նույնիսկ եթե համաձայն չէ դրա հետ (6,8 տոկոս):

● Բարձրագույն կրթություն ստացած կանայք ավելի քիչ են հավատում, որ կնոջ ամենակարևոր դերը ընտանիքի մասին հոգալն է (47,9 տոկոս), որ տղամարդը պետք է վերահսկի և ղեկավարի տունը (39,7 տոկոս), և որ կինը պետք է համաձայնի նրա հետ կամ հնազանդվի նրան (9,4 տոկոս) տոկոս):

● Գյուղական բնակավայրերում ապրող կանայք կարծում են, որ կնոջ հիմնական դերը ընտանիքի մասին հոգալն է (67,6 տոկոս):

● Թբիլիսիում ապրող մոտավորապես յուրաքանչյուր երրորդ կին և այլ քաղաքներում ապրող մոտավորապես յուրաքանչյուր երկրորդ կին կարծում է, որ տղամարդը պետք է վերահսկի և ղեկավարի տունը:

● Թբիլիսիում ապրող կանայք ավելի քիչ են կարծում, որ կնոջ ամենակարևոր դերը ընտանիքի մասին հոգալն է (46,2 տոկոս):

● Կանանց 21.4 տոկոսը կարծում է, որ ամուսնու և կնոջ միջև բռնությունը նրանց անձնական գործն է, և ոչ ոք չպետք է միջամտի դրան:

● Կանանց 10,6 տոկոսը կարծում է, որ կինը պետք է ամաչի կամ անհարմար զգա խոսել որևէ մեկի հետ (բացի իր ընտանիքի անդամներից) այն մասին, որ իր ամուսինը ֆիզիկական վնաս է հասցնում կամ վերահսկում է իրեն:

● 9,8 տոկոսի կարծիքով՝ կինը պետք է հանդուրժի բռնությունը, որպեսզի պահպանի իր ընտանիքը։

● Կանանց 8,5 տոկոսը կարծում է, որ եթե կինը ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից, ապա մասամբ կամ ամբողջությամբ հենց ինքն է մեղավոր եղել:

Ինչպե՞ս են արձագանքել տղամարդիկ
● Հարցված տղամարդկանց երեք քառորդը (74,7 տոկոս) կարծում է, որ կնոջ ամենակարևոր դերը ընտանիքի մասին հոգալն է։

● Տղամարդկանց ավելի քան մեկ երրորդը (37,3 տոկոսը) կարծում է, որ կինը պետք է համաձայնի իր ամուսնու կարծիքի հետ և հնազանդվի նրան, նույնիսկ եթե վստահ չէ, որ նրա կարծիքը ճիշտ է կամ առհասարակ համաձայն չէ դրա հետ։

● Տղամարդկանց 77,6 տոկոսի կարծիքով՝ տունը պետք է վերահսկի և ղեկավարի տղամարդը։

Տղամարդկանց վերաբերմունքը գենդերային դերերի նկատմամբ զգալիորեն տարբերվում է տարբեր տարիքային խմբերում, մասնավորապես՝

● 15-24 և 24-34 տարեկան տղամարդիկ ավելի քիչ են հավատում նրան, որ կնոջ ամենակարևոր դերը ընտանիքի մասին հոգալն է (համապատասխանաբար՝ 64,3 և 63,2 տոկոս):

● 15-24 տարեկան տղամարդիկ նույնպես ավելի քիչ են կարծում, որ տղամարդը պետք է վերահսկի և ղեկավարի տունը (61,6 տոկոս), և որ կինը պետք է համաձայնի կամ հնազանդվի ամուսնու կարծիքին, նույնիսկ եթե համաձայն չէ դրա հետ (20,4 տոկոս):

● Բարձրագույն կրթություն ստացած տղամարդիկ ավելի քիչ են կարծում, որ կնոջ հիմնական դերը ընտանիքի մասին հոգալն է (61,3 տոկոս), որ տղամարդը պետք է վերահսկի և ղեկավարի տունը (70,1 տոկոս), իսկ կինը պետք է ենթարկվի նրան (28,8 տոկոս):

● Գյուղաբնակ տղամարդիկ ավելի հաճախ են կարծում, որ կնոջ ամենակարևոր դերը ընտանիքի մասին հոգալն է (83,2 տոկոս), որ տղամարդը պետք է վերահսկի և ղեկավարի տունը (87,6 տոկոս), իսկ կինը պետք է համաձայնի նրա հետ (47,8 տոկոս): Թբիլիսիում այս թվերն ավելի ցածր են, քան մյուս քաղաքներում և գյուղերում։

● Հարցված տղամարդկանց ավելի քան մեկ երրորդը (37,2 տոկոս) կարծում է, որ ամուսնու և կնոջ միջև բռնությունը նրանց անձնական գործն է, և ոչ ոք չպետք է միջամտի (ցուցանիշը նվազել է, 2017 թվականին այն 49,7 տոկոս էր)։

● Տղամարդկանց 20,3 տոկոսը կարծում է, որ կինը չի կարող ամուսնուն մերժել սեռական հարաբերություն ունենալու հարցում։

● Տղամարդկանց 16,2 տոկոսը կարծում է, որ կինը պետք է ամաչի կամ անհարմար զգա խոսել որևէ մեկի հետ (բացի ընտանիքի անդամներից) այն մասին, որ իր ամուսինը ֆիզիկական վնաս է հասցնում իրեն կամ վերահսկում է:

● Հարցվածների 15,1 տոկոսի կարծիքով՝ կինը պետք է հանդուրժի բռնությունը, որպեսզի պահպանի իր ընտանիքը։

Հետազոտության մեջ ընդգծվում է, որ ֆոկուս խմբերում գենդերի և գենդերային դերերի մասին խոսելիս տղամարդիկ հաճախ օգտագործում էին պահպանողական գաղափարներ և կրոնի հետ կապ ունեցող ձևակերպումներ։