Տեղական իշխանության և եկեղեցիների ներկայացուցիչների ամանորյա շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյան
– Մաղթում եմ նորանոր երազանքների իրականացում: 20 տարվա մեջ մեր քաղաքը շատ փոխվեց, ես ուզում եմ, որ ոչ թե միայն քաղաքը փոխվի, այլ նաև մարդիկ էլ հետը փոխվեն, հոգիները փոխվեն, էլ ավելի բարիանան, էլ ավելի ժպտուն դառնան, որովհետև մենք երևի թե դրա պակասը ունենք, մարդկային հոգու պակասը ունենք: Ես մաղթում եմ, որ մեր քաղաքը գեղեցիկ պահենք, մեր չնաշխարհիկ բնությունը մաքուր պահենք, մեր հոգիները մաքուր պահենք և աստծո օրհնությունը իջնի մեր ժողովրդի վրա:
Ախալքալաքի ու Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլայ
– Մենք այստեղ ապրում ենք առանձնահատուկ պայմաններում, որոնք շատ ծանր են, ինչի համար էլ մարդիկ անընդհատ մտածում են իրենց կենցաղային խնդիրների մասին, ապրելու մասին: Իմ ցանկությունը այսպիսին է, եթե մենք կարողանանք մեր ժամանակից գոնե մի քիչ առանձնացնել և ուղղակի նայել դեպի երկինք, ապա մեր երկրային կյանքը կփոխվի: Ես ցանկանում եմ, որ նոր տարում մարդիկ մտածեն արվեստի, մշակույթի, գեղանկարչության, երաժշտության մասին:
Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյան
-Սրտանց ուզում եմ շնորհավորել Ամանորը և Սուրբ ծնունդը, ցանկանալ առողջություն, երջանկություն, նաև բազմաթիվ նորանոր գործերի կատարում, որը վերաբերում է մեր շրջանին, դա բարեկեցության ոլորտում կլինի, մշակույթի, արվեստի, թե գրականության: Ուղղակի համոզված եմ, որ 2016թ ավելի հաջողակ է լինելու, քան 2015թ: Բոլորին երջանկություն և իղձերի իրականացում:
Ախալքալաքի շրջանի Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյան
– Ի սրտե ցանկանում եմ շնորհավորել Ախալքալաքի բնակչությանը գալիք Նոր տարին, ցանկանալ առողջություն և բարեկեցություն: Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ կան խնդիրներ, կան դժվարություններ, այդ առիթով ցանկանում եմ մաղթել նաև համբերություն, որպեսզի մենք հետզհետե կարողանանք հաղթահարել այդ խնդիրներն ու դժվարությունները: Եղեք առողջ, եղեք ըմբռնումով, եղեք երջանիկ և ամենայն բարիք բոլորին և իհարկե նաև խաղաղություն ամբողջ աշխարհին:
Ախալքալաքի շրջանի Վարչության մշակույթի, երիտասարդության և հուշարձանների հարցով ծառայության պետ Վալերի Ստելմաշով:
– Շնորհավոր 2016թ, հույս ունենք, որ 2016թ կլինի ավելի հաջող: Ցանկանում եմ բոլորիս խաղաղություն, հաջողություն և որ ժողովրդի հոգսը մի քիչ թեթևանա, դա, իհարկե, կախված չէ միայն տեղական իշխանություններից, այլ կախված է նաև համաշխարհային քաղաքականությունից: Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր սոցիալական պայմանները կախված են մեր տեղական հնարավորություններից, բայց շատը կախված է դրսից եկող փողից, այսինքն Ռուսաստանից: Եվ դրա համար, ես ցանկանում եմ և Ռուսաստանում, Հայաստանի սահմաններին և Վրաստանում լինի խաղաղություն:
Ախալքալաքի Վարչության տնտեսության և ենթակառույցների ծառայության պետ Ալբերտ Նահատակյան
– Ցանկանում եմ առողջություն, հաջողություն, կայուն ֆինանսական տարի, և, որ քաղաքի բոլոր փողոցները լինեն ասֆալտապատ: Ցանկանում եմ, որ լավ ապրեն, համերաշխ ապրեն, պատերազմ չտեսնեն և բոլոր տներում լսվի մանկան ճիչը:
Շուշան Շիրինյան