Ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Խոջևանիշվիլիի, կարանտինային սահմանափակումներ են մտցվում Մեստիայում, Ուշգուլիում և Լենջերիում: Գործելու իրավունք կունենան միայն դեղատները, բանկային հաստատությունները, մթերային խանութները և բաց տիպի սննդի օբյեկտները: Գարդաբանիի մունիցիպալիտետի Ղարաջալարի գյուղում չեղյալ է հայտարարվել խիստ կարանտինային ռեժիմը:
«Համաճարակաբանական բարդ իրավիճակի հետ կապված, Մեստիա, Ուշգուլի և Լենջերի գյուղերում, կանոնակարգեր են սահմանվում՝ «Հանրային առողջության մասին» օրենքի շրջանակներում, ներառյալ կարանտինային սահմանափակումները: Տեղաշարժումը սահմանափակված է ինչպես դեպի Մեստիայի մունիցիպալիտետ, այնպես էլ Մեստիայի մունիցիպալիտետից», – Համակարգող խորհրդի նիստից հետո հայտնել է Խոջևանիշվիլին:
Նա պարզաբանել է, որ Մեստիայի մունիցիպալիտետ ելումուտը վերահսկելու է ոստիկանությունը: Նրա խոսքով՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր լքում են մունիցիպալիտետը, անցնելու են պարտադիր կարանտին:
Գարդաբանիի մունիցիպալիտետի Ղարաջալարի գյուղում չեղյալ է հայտարարվել խիստ կարանտինային ռեժիմը: Այս մասին հայտարարել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին: Վերջինիս խոսքով՝ կարանտինը չեղյալ հայտարարելու մասին որոշումը կայացվել է՝ հիմնվելով գյուղում կայուն համաճարակային իրավիճակի վրա:
«Մեր համատեղ ջանքերի և բնակչության քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ, գրեթե երկու օրվա ընթացքում՝ ուրբաթ և շաբաթ օրերին, կարողացանք 1 552 հոգու զննել և հետազոտությունների համար նմուշները ուղարկել Լուգարի լաբորատորիա: Մինչ օրս ավարտվել է 1,425 ուսումնասիրություն, որի արդյունքում մեկ ընտանիքում գրանցվել է վարակի միայն մեկ հաստատված դեպք, այնուհետև նույն ընտանիքից ևս մեկ հաստատված դեպք ավելացվել է կարանտինում: Ներկայումս ուսումնասիրվում է 127 նմուշ: Ըստ այդմ, քանի որ իրավիճակը գնահատված է, և գյուղում այլևս մասսայական տարածում չկա, այլ հազվադեպ դեպքեր կան, մենք որոշեցինք գյուղում չեղարկել կարանտինային ռեժիմը: Անցած գիշեր, ժամը 12-ին, անցակետերը հանվել են, և գյուղը վերադարձել է իր բնականոն կյանքին», – լրագրողներին հայտնել է Շոթա Ռեխվիաշվիլին:
Հիշեցնենք, որ մինչ օրս Ղարաջալարի գյուղից վերցվել են ավելի քան 3600 հետազոտական նյութեր՝ PCR թեստավորման համար: Ղարաջալարիում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 44 հաստատված դեպք: Գյուղը կարանտինի նպատակով փակվել էր հուլիսի 24-ին` համաճարակաբանների խորհրդատվության և կառավարության որոշման հիման վրա: