Ամանորյա ծեսերը ի՞նչ հիմքեր ունեն, ո՞վ է եղել Ձմեռ պապի նախնին, ինչու՞ ամանորյա սեղանը պետք է լինի հարուստ, Ախալքալաքում ամանորյա սեղանի առանձնահատկությունները և այլ հետաքրքիր ամանորյա բացահայտումներ:
Ախալքալաքը ևս մոլորակի մեծամասնության նման պատրաստվում է դիմավորել 2016 թվականը: Մինչ տարեթիվը կփոխվի, որոշեցինք հայացք գցել մեր քաղաքի Ամանորին, անդրադառնալով ավանդական-ծիսական հիմքից մինչև հայ-վրացական բարեկամական միջավայրում ձևավորված խոհանոց:
Տոնի ծիսական և կրոնական հիմքը
Հայ ժողովուրդը պատմական տարբեր ժամանակաշրջաններում Ամանորը նշել է տարբեր օրերի, բուն հայկական ծիսական նոր տարին՝ Նավասարդը տոնել են օգոստոսին: Այս ժամանակահատվածում առատ են եղել բերքն ու բարիքը և հեթանոս հայերը տարվա ծնունդը նշել են առատության և լիության խորհրդանիշով: Այս խորհրդանիշը թերևս չի կորցրել իր կարևորությունը:
Ամանորյա ծեսերի մասին հետաքրքրվեցինք մասնագետից, մեզ հետ զրույցում Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դասախոս, «Ծեսեր և ավանդույթների» մասնագետ Քնարիկ Միրզոյանը նշեց.
«Գրեթե բոլոր ծեսերը ունեն հեթանոսական ակունքներ և այն ազգերը, պետությունները որոնք ժամանակին հեթանոսներ են եղել, բնականաբար տոնակարգում և ծեսերում գաղափարապես գրեթե նույնն են եղել, իսկ արարողակարգով՝ ելնելով ազգային առանձնահատկություններից, որոշ առումով տարբերվել են: Օրինակ՝ ամանորյա կարևորագույն ծեսերից մեկը եղել է՝ հանգուցյալների գերեզմանների այցելությունը, տարբեր թատերականացված խաղեր, գուշակություններ թխվածքաբլիթների միջոցով և իհարկե Կենաց ծառի զարդարումը կոնֆետներով և մրգերով, որը այսօր փոխարինվել է տոնածառով»:
Նշենք, որ այսօր Ախալքալաքի որոշ գյուղերում պահպանված է Ամանորի գիշերը գերեզման այցելելու ծիսակարգը: Ավանդույթը պատմում է, որ Ախալքալաքում Հունվարի 1-ի գիշերը, երիտասարդները գնում էին գետ, ջրի մեջ լցնում էին ցորեն ու գարի և տուն բերում սրբազան ջուրը: Ընդհանրապես հացահատիկային բույսերով Ամանոր դիմավորելը բնորոշ է հայկական ծիսակարգին:
«Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ»՝ սա ավանդական շնորհավորանքն է: Քրիստոնյա աշխարհի Սուրբ ծննդյան տոնակատարությունները (դեկտեմբերի 25, հունվարի 6), թերևս ոչ պատահական համընկնում են նոր տարվա տոնին: Դեռ հետխորհրդային տարիներից ժողովրդի վերաբերմունքը եկեղեցուն, մանավանդ ծիսակարգերին, առավել թույլ է եղել: Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը մեզ ներկայացրեց, թե եկեղեցին, ինչպես է պատրաստվում Ամանորին.
«Անցած տարվանից Ամանորի գիշերը կատարվում է նռնօրհնեք: Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցին արդեն տարիներ շարունակ Նոր տարվա գիշերը բացում է իր դռները, և տարեցտարի ավելի շատ մարդիկ տարեմուտի այդ խորհրդավոր պահը ոչ թե դիմավորում են տանը` օղու կամ շամպայնի բաժակները ձեռքերին, այլ` եկեղեցում աղոթք անելով… Արդեն մի քանի տարի է, ինչ հետաքրքիր ձևով զարդարվում է Եկեղեցու բակը` իրեն գրավելով բազմաթիվ երեխաների, այդպիսով կարծես ստեղծելով հեքիաթային տրամադրություն: Լինում են նաև բացօթյա զվարճալի միջոցառումներ Եկեղեցու բակում, համերգ, Ձմեռ պապ և այլն…»:
Ամանորյա խորհրդանշերը
Նավասարդին հեթանոս հայերը մրգեղենով, չրեղենով և քաղցրավենիքով (ի նշան պտղաբերության և առատության) զարդարել են չորացած ճյուղեր: Քրիստոնեությունը իր հետ բերում է տիրոջ ծնունդը խորհրդանշող մշտական կանաչ եղևնու կերպարը: Եվ այսօր Ամանորի ամենակարևոր հերոսներից է տոնածառը՝ զարդարված եղևնին:
Երբեմնի կաղանդ պապին, այսօր դարձել է Ձմեռ պապ: Տարբեր երկրներում նա տարբեր անուն ունի, բայց միշտ նույնն է մնացել խորհուրդը՝ հավատալ հրաշքին, նվիրել և տարին ուրախ դիմավորել: Կաղանդ պապը տալիս էր Ամանորի յոթ խորհուրդ. փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Ձմեռ պապը այսօր բաժանում է նվերներ:
Ախալքալաքում ևս Ձմեռ պապը ամանորյա ամենասպասաված հյուրերից է, որին ամենաշատ սպասում են հատկապես մանուկները.
«Ես չգիտեմ Ձմեռ պապը հայ է թե վրացի, բայց որ եկել էր հայերեն էր խոսում, իսկ նվեր բերած խաղալիքի վրա անունը վրացերեն էր գրած՝ «Դաթո»: Բայց էդ կապ չունի, ով ուզում է լինի, կարևորը գա ու շատ նվերներ բերի», – Ձմեռ պապի մասին մեր հարցին այսպես պատասխանեց 9 տարեկան Նարինեն:
Էլ ինչ Ամանոր առանց տոնական սեղանի: Հայերն հավատում են, որ տոնական սեղանի շքեղությունը նպաստում է գալիք տարվա հաջողությանը: Խոսելով Ամանորի սեղանի մասին կարող ենք ասել, որ այս օրերին սեղանին հայտնվում է խոհանոցային մշակույթի ամենաբազմազան դրսևորումները: Ախալքալաքցիների ամանորյա սեղանը առատությամբ ներկայացնում է հայկական և վրացական խոհանոցների պատվաբեր ուտեստների տեսականին:
«Երկար տարիներ է, ինչ մեր Նոր տարվա սեղանից անպակաս է տոլման», – մեզ հետ զրույցում նշեց ազգությամբ վրացի տիկին Թինաթինը, ով հավելեց նաև. «Երկար տարի հայերի հետ ապրելով մեր ավանդույթները, սովորույթները խառնվել են և վատ բան չկա, որ հայերը սացիվի են պատրաստում Ամանորին, իսկ մենք տոլմա: Դա նաև բարեկամության սիմվոլ է»:
2016 թվականին ընդառաջ JNEWS.GE-ին, շնորհավորելով իր ընթերցողի գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում է, որ տարին առատ և հաջողակ լինի: Եվ մենք ցանկանում ենք որ մեր լուսաբանած նյութերի վերնագրերը լինեն «Ջավախքում քչացել է արտագնա աշխատողների քանակը», «Ջավախքում բացվեց մշակութային նոր կենտրոն», «Միջազգային մրցույթում Ջավախքը գրավեց առաջին տեղ» և նման բովանդակություն ունեցող այլ վերնագրեր:
Ջուլիետա Տոնականյան