Ախալքալաքի ամենատարեց վարսավիրը՝ Գուրգեն Պարակիսիկյանը, չնայած տարիքին ու շենքային անմխիթար պայմաններին շարունակում է աշխատել, քանի որ սիրում է իր գործը:
1957 թվականին առաջին անգամ վարսավիրանոց ոտք դրած վարպետ Գուրգենը, այսօր էլ ամեն առավոտ շտապում է իր վարսավիրանոց։ Արդեն երկրորդ տուն դարձած արհեստանոցը շատ հարազատ է նրան։
Գուրգեն Պարակիսիկյանը չնայած 84 տարեկան հասակին, մեծ սիրով է ձեռքը վերցնում մկրատն ու սանրը, ածելին և սափրվելու խոզանակը։ Սակայն այսօր վարսավիրանոցի պայմաներն այն չեն, այն վերանորոգման կարիք է զգում։ Արդեն հնացած ու մաշված են աթոռներն ու սեղանները, հայելիններն ու անգամ մկրատները։ Վարսավիրանոցը էլ ավելի անհարմարավետ է ձմռանը, քանի որ այտեղ տաք ջուր չկա։
«Տաք ջուր չկա, հատակը քանդվել է, վերանորոգման կարիք է զգացվում: Ճիշտ է վերանորոգումը մեր ձեռքն է, սակայն դե ես չեմ կարող», – ասում է Գուրգեն պապին:
Ինչպես նաև Գուրգեն պապի աշակերտներից մեկը, ով հիմա իր հետ է, նույն սենյակում է աշխատում, ցանկանում է կիսել տարածքը և առանձին վարսավիրանոց բացել, ինչը նույնպես դուր չի գալիս նրան: Քանի որ Գորգեն պապի հիշողությունները, ամեն օրը կապված է այդ սենյակի հետ։
Դպրոցն ավարատելուց հետո նա միանգամից նույն վարսավիրանոցում մազ կտրել է սովորել, որտեղ աշխատել է նաև իր մորեղբայրը։
63 տարվա աշխատանքի ընթացքում նա ունեցել է մոտ 10 աշակերտ։ Այսօր Գուրգեն պապին երկու հավատարիմ հաճախորդ ունի, ովքեր անկախ ամեն ինչից իր մոտ են գալիս մազերը կտրելու։
«Նրանք էլ ինձ նման արդեն տարիքներն առել են, բայց էլի գալիս են»- պատմում է վարպետ Գուրգենը։
Նա գոհ է իր աշխատանքից, շատ սիրում է իր մասնագիտությունը և սիրով է աշխատում։
Վարպետը զարմանքով է խոսում այս օրերի սանրվածքների մասին։ Հիացմունքով է թվարկում իր ջահել ժամանակվա մոդայիկ սանրվածքները։
«Հիմա բոլորը մի սանրվածք գիտեն։ Նստում են, էլեկտրական սարքերը տալիս են կանանց ձեռքը և քյաչալացնում են, դա էլ լինում է սանրվածք»,- ավելացնում է նա։
Գուրգեն Պարակիսիկյանը ունի երեք երեխա՝ երկու որդի, մեկ դուստր, կինը 22 տարի առաջ մահացել է։ Վարպետ Գուրգենը սիրով է խոսում կնոջ մասին, ասելով որ նրա գործից միշտ գոհ է եղել կինը և ամեն ինչում սատարել է ամուսնուն։ Կնոջը շատ է սիրել, տեսել, հավանել ու փախցրել է։ Սիրով ընտանիք են կազմել և երկար տարիներ երջանիկ ապրել։
Գայանե Ակոջյան