Վրաստանի և Գերմանիայի կառավարությունները ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է Վրաստանին տրամադրելմոտավորապես 170 միլիոն եվրո արտոնյալ վարկ և 28,5 միլիոն եվրո դրամաշնորհ: Այս մասին հայտնում են Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:
Գումարի մեծ մասը ծախսվելու է կայուն քաղաքային շարժունակության վրա` վարկից 100 միլիոն եվրո և 2 միլիոն եվրո դրամաշնորհից: Միջոցների մնացած մասը կուղղվի հետևյալ ծրագրերին. «Էներգաարդյունավետությունը Վրաստանում» ծրագրի բացմանը, «Կոմունալ ենթակառուցվածքները շրջակա միջավայրի և զբոսաշրջության համար», «Կենսաբազմազանությունը և կայուն տեղական զարգացումը»:
Համաձայնագիրը կնքվել էր միջկառավարական բանակցությունների արդյունքում 2019 թվականի նոյեմբերի 6-7-ը: Հուլիսի 30-ին փաստաթուղթը ստորագրվել է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի և Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշի կողմից:
Մինչ օրս, տեխնիկական և ֆինանսական համագործակցության շրջանակներում, Գերմանիայի կառավարությունը Վրաստանում առաջնահերթ ոլորտները ֆինանսավորելու համար հատկացրել է ավելի քան 1 միլիարդ եվրո դրամաշնորհ, տեխնիկական օժանդակություն և արտոնյալ վարկեր: