Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել է Վրաստանի նախագահի դրոշը: Նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երեկ՝ matsne.gov.ge-ում, և այն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Համաձայն հրամանագրի՝ Վրաստանի նախագահի դրոշը պետք է հաստատվի՝ համաձայն Վրաստանի Սահմանադրության 53-րդ հոդվածի երկրորդ մասի «ժ» ենթակետի՝ հավելվածում պատկերված տեսքով:

Հրամանագրին կից փաստաթղթում մենք ընթերցում ենք, որ նախագահի դրոշը սպիտակ քառակուսի ձևի նախագահական դրոշակ է:

«Շտանդարտի ներսում տեղավորված է Վրաստանի պետական զինանշանի փոքր վահանը, որի դաշտում կա արծաթե հեծյալ, սուրբ Գիորգին` ոսկյա լուսապսակով, որը թագադրված է ոսկե խաչով և նիզակով խոցում է վիշապին: Վրաստանի Նախագահի դրոշը երիզված է կարմիր եզերքով, որի ներսի մասում կան կարմիր ատամնաձև սրածայր պատկերներ», – ասվում է կից փաստաթղթում, որին կցված է նաև դրոշի լուսանկարը: