«Ես ծնվել և մեծացել եմ Վրաստանի մի փոքրիկ գյուղում՝ մի փոքրիկ ընտանիքում: Իմ ընտանիքը պարզ ու մաքուր էր, հայրս ու մայրս էլ՝ սրտաբաց:

Ինչպես սովորաբար լինում է հայկական ընտանիքներում, այնպես էլ մեր ընտանիքում «հայրիշխանություն» էր: Ես այն ժամանակ նորմալ էի ընդունում այդ փաստը, քանի դեռ ինքս չունեցա իմ ընտանիքը, հասկացա, որ կինն էլ հավասար իրավունքներ ունի, կինն էլ ձայնի ու խոսքի իրավունք ունի և կնոջ դերը միայն հնազանդ լինելը չէ:

Հասկացա, որ շատ բաներ գալիս է հենց կնոջից և մեզ ավանդաբար փոխանցվում է «հնազանդ կին» լինելու ավանդույթը: Ես չեմ մեղադրում, այլ հասկանում եմ, որ թելադրողը հասարակությունն է:

Ցանկացած մարդու, երբ տալիս ես քեզ իշխելու իրավունք, նա ստանձնում է այդ իրավունքը, իսկ հայ կինը միշտ «փոխանցել է» իր իրավունքը՝ համարելով, որ այո՛, կինը պետք է հնազանդ լինի:

Կյանքի փորձը փոխում է մարդուն, փոխեց և ինձ: Ես հասկացա, որ չպետք է լինեմ այնպիսին, ինչպիսին բոլորը, քանի որ ունեի երազանքներ, նպատակներ, իսկ «ստանդարտով» ես ոչնչի չէի հասնի:

Իմ համար ծանր շրջան էր, երբ ավարտեցի դպրոցս: Ես ուզում էի ուսումս շարունակեմ, իսկ ծնողներս ինձ երբեք միայնակ՝ իրենցից հեռու չեն թողել: Ես նույնիսկ դպրոցական հավելյալ պարապմունքների չէի կարող մնալ. եթե փոքր ինչ ուշ տուն գնայի, հայրս կբարկանար: Ես, կարելի է ասել, զրկված էի նաև դպրոցական էքսկուրսիաներից, չէի կարող մասնակցել մեր ընկերական հավաքույթներին և ահա, ես արդեն չափահաս եմ ու պետք է շարունակեմ կյանքս:

Եվ ես ամուսնացա… նոր միջավայր, նոր մարդիկ, նոր կյանք: Եվ ես որոշեցի, որ պիտի ուժեղ լինեմ և հասնեմ իմ նպատակին, ես պետք է սովորեի: Ամուսնանալ չէր նշանակում նստել տանը և տան տիկին դառնալ:

Ինձ շատ է օգնել իմ ինքնակրթությունը՝ գրքեր, ֆիլմեր: Միշտ հավանում էի այն կերպարներին, որոնք թեև գրքի կամ ֆիլմի գլխավոր հերոսը չէին, սակայն ուժեղ էին, ինքնուրույն էին հասնում ամենինչի:

Ամուսնանալուց հետո սկսեցի պարապմունքների գնալ: Պարապեցի և ընդունվեցի համալսարան՝ հեռակա: Ընտանիք, ամուսին, սովորել և մի օր պարզվեց, որ երեխայի եմ սպասում: Լուրն իսկապես ուրախալի էր, թեև իմ համար նոր բարդություններ էր նշանակում նաև:

Երեխայի ծնվելուց հետո ծանր վիճակում էի, ուզում էի թողնել համալսարանս կամ էլ փոխել բաժինս, սակայն համակուրսեցիներս, հասկանալով իրավիճակս, կողքս եղան, ամեն կերպ օգնեցին և այդ մի փուլն էլ հաղթահարեցի, թեև սովորելուս համար մեծ գին վճարեցի՝ երեխայիս ինձնից հեռու գտնվելն ու ծանր ապրումները. սկսած մի քանի ամսականից, երբ դասերի էի գնում, երեխայիս թողնում էի մայրիկիս մոտ և լինում էր, որ մեկ շաբաթ կամ մեկ ամիս չէի տեսնում երեխայիս: Շատ դժվար էր: Լացելով, բայց գնացի:

Այս ամենի հետ իրավիճակն ավելի էր սրում կողքից խոսակցությունները: Մարդիկ, որոնք շատ հաճախ ասում էին, թե ինչիս է պետք սովորելը, որ ես կարող էի տանը նստել ու երեխայիս պահել և որ իզուր եմ սովորում: Հաճախ ամուսնուս հետ վիճում էինք՝ հենց այս, կողքից խոսակցությունների պատճառով:

Կարևորը ես չէի կոտրվում: Ես հասկանում էի, որ նույնիսկ երեխա դաստիարակելու համար կրթություն է պետք: Մարդ պիտի դեռ ինքը կրթված լինի, որ հետո դաստիարակի իր երեխային և ոչ թե ուղղակի մեծացնի, այլ հասարակության համար լավ մարդ կրթի:

Ես սկսեցի նաև աշխատել, համեմատաբար թեթև գործ էի ընտրել՝ կոսմետիկայի վաճառք, սակայն կարողանում էի աշխատել և ինքս վճարել իմ ուսման վարձը: Հիմա զարմանում եմ, թե ինչպես եմ կարողացել անել այդ ամենը:

Սովորելս ավարտեցի… և պետք է աշխատանքի ընդունվեի: Սովորելու ընթացքում ևս, սակայն այժմ սկսեցի բախվել մի շարք կարծրատիպերի: «Կինը պիտի աշխատի դպրոցում», «կինը ինքը չպիտի աշխատանք փնտրի» և այլն: Ծանր փորձություն էր սպասվում: Եվ կրկին կողքից խոսակցություններ, որոնք բնականաբար ազդում էին նաև մեր ընտանեկան մթնոլորտի վրա: Ամուսինս միշտ հասկանում էր ինձ, սակայն երբեմն ինքն էլ էր հասարակության կարծիքի «զոհ» դառնում:

Դիմեցի մի քանի դպրոց՝ աշխատանքի ընդունվելու համար: Ինձ ասացին, որ ըստ նոր փոփոխությունների՝ ես պետք է որոկավորման քննություն հանձնեմ: Կրկին չվհատվեցի:

Որոշ ժամանակ անց իմ սիրելի ուսուցչուհիներից մեկը զանգահարեց ինձ․ գիտեր, որ ուզում եմ աշխատեմ, ասեց, որ քննությունների համար գրանցումն սկսված է և չուշացնեմ:

Երկար-բարակ մտածելուց հետո որոշեցինք, որ պիտի մասնակցեմ: Կրկին հասարակության կարծիքն ու կողքից խոսակցությունները… մտավախություն՝ բա որ քիչ միավոր հավաքեմ: Թեև իմ համար կարևորը մասնակցությունն էր:

Ուսուցիչների որակավորման քննության մասնակցեցի: Ընկերուհիս, որ Թբիլիսիում է բնակվում և ավելի լավ է ծանոթ իրավիճակին, պատրաստակամություն հայտնեց օգնել և ամբողջ ընթացքում միայն ասում էր, որ չանհանգստանամ և համարձակ լինեմ: Առաջին քննության միավորներս բավարար չէին ավագ ուսուցչի որակավորում ստանալու համար, թեև մասնակցությունն էլ ինձ համարձակություն տվեց դիմելու մի քանի դպրոցների և վերջապես ընդունվեցի աշխատանքի: Որոշ բարդություններով, սակայն հասա նպատակիս, դե իսկ շուտով ստացա նաև ավագ ուսուցչի որակավորում: Ես այստեղ էլ կանգ չեմ առնում, պիտի շարունակեմ կարիերաս՝ միաժամանակ կարևորելով ընտանիքս:

Իրավունքներդ պաշտպանելը համարձակության նշան է, դե էլ ինչ նպատակ, եթե համարձակություն չունես…»:

Նյութը պատրաստվել է «Աշխատավայրում գենդերային հավասարության աջակցություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է կանանց հզորացնել աշխատանքային խտրականության հարցում և կանխել գենդերային բռնությունը` կանանց աշխատանքային իրավունքների մասին իրազեկության բարձրացման միջոցով: Այս հոդվածում արտահայտված տեսակետները ծրագրի թիմի տեսակետներն են և հնարավոր է չարտացոլեն դոնորի տեսակետները:

Աննա Թանդարյան