Վրաստանը տնտեսապես կախված է զբոսաշրջությունից և դրա բացակայության պատճառով կրում է հսկայական կորուստներ: Երկիրը զրկվելով COVID-19-ի համավարակի և փակ սահմանների պատճառով միջազգային տուրիզմից՝ ներքին զբոսաշրջության հույս ունի: Որքա՞ն Ջավախքը կարող է գրավիչ և մրցունակ լինել ներքին զբոսաշրջության համար այս պայմաններում, քննարկում են փորձագետները:
Կորոնավիրուսն իր լուրջ ճշգրտումներն է մտցրել զբոսաշրջության ոլորտում, ինչը գործնականում ապրում է մեծ սթրես: Երկիրը կանգնած էր մի կարևոր խնդրի առջև՝ կա՛մ զբոսաշրջությունը, և՛ տնտեսությունը, կա՛մ բնակչության անվտանգությունն ու փակ սահմանները: Ընտրությունը կատարվել է երկրորդի վրա: Կառավարությունն ուժերը կենտրոնացրել է ներքին զբոսաշրջության զարգացման վրա, բայց որքանո՞վ է դա հնարավոր՝ տնտեսական և համաճարակաբանական ճգնաժամի համատեքստում, դա պարզ կլինի զբոսաշրջային սեզոնի ավարտից հետո: Սակայն Վրաստանում զբոսաշրջային սեզոնը տևում է կլոր տարին, հարուստ և բազմազան բնությունը տալիս է դրա հնարավորությունը:
Զբոսաշրջիկը Ջավախքում
Վրաստանի ռազմավարական ծրագրերի առաջնահերթությունում մշտապես զբոսաշրջությունն է, Ջավախքն այդ ծրագրերում կա, սակայն նրանք չեն շտապում իրականացնել: Զբոսաշրջիկները հազվադեպ են Ջավախքում լինում, իսկ եթե գալիս են, ապա միայն որոշ ուղղություններով:
Վերջերս Ջավախք էր այցելել մասնագիտությամբ բժիշկ Մուրատ Ցինցաձեն, նրա կինը և ընկերները: Ընտրությունը Ջավախքի վրա էր կատարվել ոչ պատահականորեն:
«Մենք շրջայց կատարեցինք Թբիլիսիից, իսկ իմ ընկերները՝ Բաթումիից: Իմ պատմաբան ընկերները խորհուրդ տվեցին մի զբոսավարի, որը Սամցխե-Ջավախքից է: Ողջ Ջավախքով մեկ շրջեցինք՝ լճերով, եկեղեցիներով և այլն: Այո, իհարկե, Վրաստանում կան նաև այլ հետաքրքիր վայրեր էլ, բայց դրանց մասին մենք շատ ավելին գիտենք` Սվանեթին, Թուշեթին: Նույնիսկ եթե չգիտենք, մենք շատ հաճախ ենք տեսնում այդ վայրերը սոցիալական ցանցերում, իսկ Ջավախքը՝ հազվադեպ: Այսպիսով, մենք որոշեցինք տեսնել այն, ինչ նախկինում չէինք տեսել», – ասում է Մուրատ Ցինցաձեն:
Դուխոբորների համայնքի մանկատան շենքը
Ըստ Մուրատի՝ գլխավորը, երբ ժամանում ես որպես զբոսաշրջիկ Ջավախք՝ կոլորիտը զգալն է, ունենալ տեղում զբոսավար կամ մարդ, ով կուղեկցի քեզ, քանի որ տեղացիները շատ ավելին գիտեն և կարող են ավելին ցույց տալ և պատմել:
«Մենք տեղերը հեշտությամբ գտանք, չնայած այն բանին, որ այնտեղ հասնելը շատ դժվար է: Օրինակ, Գոգաշեն գյուղում շատ գեղեցիկ տեղ կա, կարծում եմ, որ դա դրախտ է աշխարհի երեսին, մենք շատ դժվարությամբ հասանք այդտեղ: Մեր վարորդը այս գյուղից էր, և ասաց, որ այնտեղից անկրկնելի տեսարան է բացվում դեպի Վարձիա: Ջավախքում ինձ դուր եկավ այն, որ ինքնատիպությունն ու իսկությունը շատ է այստեղ: Այս տաճարներն ու վանքերը, այս ամենը շատ իսկական են, բնական և իրական: Այս փուլում մենք չցանկացանք գնալ Ախալցիխե՝ Ռաբաթ, քանի որ Ջավախքում ամեն ինչ հին է, և 20-րդ, 21-րդ դարի ձեռքը չի հասել: Մեզ դուր եկավ Տաբածղուրի լիճը: Կարծում եմ, որ այս տարածաշրջանը մեծ ներուժ ունի, շրջանի բնակիչները շուտով հետաքրքրություն կզգան դրա նկատմամբ, հետաքրքրությունը կաճի: Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք տեղադրեցինք սոցիալական ցանցերում մեր լուսանկարները՝ ընկերներս ու աշխատակիցներս ցնցված էին, քանի որ չէին կարող հավատալ, որ նման տեղեր կան Սամցխե-Ջավախքում: Այս շրջանը իսկապես տարբերվում է Վրաստանի այլ շրջաններից: Ջավախքն ունի իր անկրկնելի դիմագիծը», – պատմում է Մուրատը:
Փորձագիտական կարծիք
Որքանո՞վ կարող է փոխարինել ներքին զբոսաշրջությունը միջազգային զբոսաշրջությանը՝ փորձագետների կարծիքը այս հարցի վերաբերյալ միանշանակ է: Այս տարի դա հնարավոր չէ:
«Նախևառաջ երկրում հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ներքին զբոսաշրջությունը չի կարող փոխարինել միջազգային տուրիզմին: Որքան էլ մենք փորձենք ու ցանկանանք դա: Շեշտը դրվել է տեղի բնակիչների վրա, կարևոր չէ` Ջավախքն է դա, թե՞ այլ շրջանները, բայց տնտեսական խնդիրների պատճառով դա հնարավոր չէ: Այս պահին, այս իրավիճակում, որը մենք ունենք ամբողջ երկրում, կանխատեսումները հոռետեսական են, և սա նշանակում է, որ հաջորդ տարվա սկզբին, երբ այս վիրուսը սկսի հետ մղվել, այդ դեպքում հնարավոր կլինի կատարել որոշակի կանխատեսումներ և իրականացնել որոշակի աշխատանքներ: Այս շրջանում ամբողջ Վրաստանում զբոսաշրջության սեզոնը և ընդհանուր առմամբ զբոսաշրջությունը իրականում «մեռած» է», – ասում է զբոսաշրջության փորձագետ Վատո Ասաթաշվիլին:
Վրաստանում տարածված են մի քանի ուղղություններ՝ ծովը`Աջարիայի ափերը, լեռնային ուղղությունները` Գուդաուրին, Սվանեթին, Թուշեթին, Բակուրիանին, Բորժոմին… Գինու ուղղությունները` Կախեթի, Ռաճա, հին եկեղեցիներն ու պատմությունը` Թբիլիսի, Մցխեթա, Վարձիա, Ռաբաթ… Ջավախքն այս ցանկում ներառված չէ որպես տուրիստական նպատակակետ՝ դրա համար կան բազմաթիվ պատճառներ:
«Ինչպես Վրաստանի բոլոր շրջաններում, այնպես էլ Ջավախքում, հիմնական պատճառը, որ քիչ զբոսաշրջիկներ կան, զբոսաշրջային ենթակառուցվածքն է: Մենք ունենք մի քանի տեղեր, որոնք տարածված են բնակչության շրջանում` Ախալցիխե, Վարձիա, որտեղ շատ այցելուներ կան, այնուամենայնիվ, ապրանքը դիվերսիֆիկացնելու համար ձեզ հարկավոր է ավելի շատ սպասարկում, ծառայություններ և զարգացած ենթակառուցվածքներ: Օրինակ, անհրաժեշտ է ծրագիր, որը կունենա լավ և դրական հետևանքներ: Խոսելով հիմնական ենթակառուցվածքների մասին՝ մենք նկատի ունենք ճանապարհները, տուրիստական վայրերը, կայանատեղիները, զվարճանքի օբյեկտները և այլն: Եվ ինքնաբերաբար, պետությունը պետք է ներդրումներ կատարի դրանցում՝ սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում և այլն: Եվ այն կարևոր նախագծերից մեկը, որն իրականացվում է Ջավախքում և դեռ չի ավարտվել՝ ԲԹԿ-ն է: Շատ կարևոր է, որ այս ուղղությամբ տանող ճանապարհը, որը գտնվում է սարսափելի վիճակում, արագորեն բարեկարգվի: Այնտեղ պետք է բացել տեղեկատվական կենտրոն, սրճարան և հանրաճանաչ դարձնել այն հուշարձանները, որոնք գտնվում են տարածաշրջանում: Դա շատ ժամանակ է պահանջում: Այսօր կամ վաղը այս ծրագիրը հնարավոր չէ ավարտվել, բայց եթե չսկսել այսօր, ապա 3-4 տարի անց մենք արդյունք չենք ունենա», – ասում է Վատո Ասաթաշվիլին:
Զբոսաշրջիկներն Ախալքալաքից
Սև ծովը Վրաստանի սիրված շրջանն է և առավել մատչելի հանգստավայրը Հայաստանի բնակիչների համար, որոնց այս տարի արգելված է մուտք գործել Վրաստան՝ Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակի պատճառով: Հետևաբար, մարդիկ, ովքեր զբաղվում էին Վրաստանի սևծովյան ափին Հայաստանի բնակիչների հանգստի կազմակերպմամբ, հիմա արդեն Ջավախքի բնակչության համար են շրջայցեր կազմակերպում դեպի Աջարիա, Բաթումի, Քոբուլեթի…
Ախալքալաքում շատերը դեռ զգուշությամբ են մոտենում Վրաստանի այլ վայրերում հանգստանալուն, քանի որ նրանք ավելի անվտանգ են համարում Ջավախքը, որը դեռևս COVID-19-ից զերծ՝ կանաչ գոտի է: Մեկ այլ գործոն էլ ֆինանսներն են, բնակչությունն ընդհանուր առմամբ չունի հանգստանալու համար գումար, չնայած այն բանին, որ այս տարի էապես իջել են գները:
«Վախ բացարձակապես չկա: Ամենուր քայլում են առանց դիմակների՝ սրճարաններում, փողոցներով, բայց ոչ խանութներում՝ այնտեղ առանց դիմակների չես կարող մտնել: Քոբուլեթիում ավելի քիչ հանգստացողներ կային, Բաթումիում՝ ավելի շատ են: Քոբուլեթին դեռ ակնկալում է, որ սահմանները կբացվեն զբոսաշրջային սեզոնի կեսից: Ասում են, որ անցյալ տարի հիմնականում հանգստացողները եղել են հետխորհրդային երկրներից՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս… Ախալքալցիների այնտեղ չհանդիպեցինք: Դեռ վախ կա, մարդիկ վախենում են: Բայց ես կարծում եմ, որ իրավիճակը դանդաղ կփոխվի: Մենք պատրաստվում ենք հանգստացողներին ուղարկել հուլիսի 15-ին, արդեն ցանկացող մարդկանց խումբը հավաքվել է», – ասում է Ադամ Այվազյանը, ով տուրեր է կազմակերպում Ախալքալաքից Քոբուլեթի:
Ջավախքի շատ պատմական, հետաքրքիր, ինքնատիպ վայրեր հանրաճանաչ չեն: Այստեղ պեղումներ չեն իրականացվում, պետությունը չունի ուղղվածություն՝ զարգացնելու զբոսաշրջությունն այս շրջանում: Հետևաբար, Ջավախքը պահանջարկ չունի որպես միջազգային նպատակակետ, ճիշտ այնպես, ինչպես և պահանջարկ չունի որպես ներքին ուղղություն:
Լուսանկարը` Ջավախքում հանգստացող զբոսաշրջիկի՝ Մուրատ Ցինցաձեի արխիվից