Բրիտանական BBC-ին հրատարակել է հոդված՝ Վրաստանի համաճարակաբանների մասին՝ «Ինչպե՞ս են երեք հրացանակիրներն օգնել Վրաստանին վիրուսի դեմ պայքարում» վերնագրով:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Վրաստանը գտնվում է այն 15 երկրների ցանկում, որոնք ԵՄ-ն համարում է բավականաչափ անվտանգ, որպեսզի իր սահմանները բացի նրանց համար: Վրաստանը նախկին խորհրդային միակ երկիրն է, որը ստացել է այդ կարգավիճակը:
3,7 միլիոն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է COVID-19 հազարից պակաս դեպք, մահացել է 15 մարդ:
Ինչպես ասվում է հոդվածում, մի խումբ գիտնականներ, որոնք անվանվում են «Երեք հրացանակիրներ», գովաբանվում են համավարակը հաջողությամբ կառավարելու համար:
Համեմատության համար նշենք, որ կորոնավիրուսը մոլեգնում է հարևան Հայաստանում: Ամեն օր հաստատվում են COVID-19 հարյուրավոր նոր դեպքեր, իսկ ընդհանուր թիվը գերազանցում է 26000-ը, մահացել է մոտ 500 մարդ: Հարյուրավոր նոր դեպքեր ամեն օր հայտնաբերվում են նաև հարևան Ադրբեջանում:
«BBC»-ն գրում է, որ Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի վերջին, որին անմիջապես արձագանքել է կառավարությունը: Մարտի կեսերին փակվել էին բոլոր դպրոցները, համալսարանները, ոչ հիմնական բիզնեսը, դադարեցվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը: Արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մարտի 21-ին, քաղաքում մարդաշատ հավաքույթները և տեղաշարժն արգելվել էր: Գիշերային ժամերին պարետային ժամ էր սահմանվել:
Ինչպես նշվում է հոդվածում, Վրաստանում ամենակարևոր կրոնական տոնի՝ Ուղղափառ Զատկի ժամանակ իշխանությունները արգելել էին մասնավոր տրանսպորտային միջոցներով տեղաշարժը, ինչպես նաև գերեզմանատների մուտքը փակ էր:
«Մենք հաշվի ենք առել համավարակի վտանգն առաջին հաստատված դեպքից մեկ ամիս առաջ: Մեր երկրի առանձնահատկությունների պատճառով, ինչպիսին է մեր աշխարհագրական դիրքը և բնակչության փոքր քանակը, մենք չէինք կարողանա օգտագործել այլ երկրների օրինակները», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«BBC»-ն գրում է, որ տեղեկատվական արշավները և պարբերաբար լուրերի տարածումը տեղի է ունեցել երկրի առաջատար գիտնականների կողմից՝ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի (NCDC) կողմից: Ինչպես նշվում է հոդվածում, այս կենտրոնի Լուգարի լաբորատորիան Ռուսաստանի ապատեղեկատվության մշտական թիրախն է:
«Ռուսաստանը նրան մեղադրում է ԱՄՆ-ի կենսաբանական զենքի գաղտնի ծրագրին մասնակցելու մեջ: Այնուամենայնիվ, նրա գիտնականները ղեկավարում են երկրի պայքարը համավարակի դեմ», – գրում է հոդվածի հեղինակը:
«BBC»-ն նշում է, որ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտնականները մեծ հարգանքի են արժանացել: Եռյակը լրացնում են Ամիրան Գամղրելիձեն, Պաատա Իմնաձեն և Թենգիզ Ցերցվաձեն՝ Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի ղեկավարը:
Մեկ այլ հեղինակություն վայելող անձ՝ Հանրային առողջապահական արշավի դեմքը՝ Մարինա Էզուգբաիան է, ով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրենն է:
Ըստ «BBC»-ի, 19 լաբորատորիաներ աշխատում են Վրաստանում կորոնավիրուսի թեստերն անցկացնելու գծով:
«Ըստ ոսկե ստանդարտի, մենք իրականացրել ենք մոտ 30 հազար «PCR» թեստ՝ մեկ միլիոն բնակչության հաշվով: Ապաքինիվածների գործակիցը 86% է, սակայն, ցավոք, մենք ունեցել ենք 15 մահվան ելք, ինչը 1,6% է կազմում: Համաշխարհային ցուցանիշի համեմատ, այն շատ ցածր է», – հայտնել է Ամիրան Գամղրելիձեն:
«BBC»-ն հոդվածում գրում է, որ Վրաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնել հասարակությանը՝ նրանց ցուցումներին հետևելու համար: