Այսօր՝ հուլիսի 6-ին, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել քաղաքապետարանի մոտ՝ բողոքելով գյուղամեջով անցնող կենտրոնական ճանապարհի սարսափելի վիճակի համար: Քաղաքապետը խոստացել է լուծել խնդիրը:
Մոտ 150 մարդ հավաքվել էր Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելու նպատակով, որի պատճառը Կուլիկամ գյուղի միջով անցնող կենտրոնական ճանապարհն է: Խորդուբորդ ճանապարհը չի վերանորոգվել Խորհրդային Միությունից ի վեր և գտնվում է ոչ բարվոք վիճակում:
Գյուղացիները բազմիցս բողոքել են տեղական իշխանություններին՝ ճանապարհների վիճակից: Բնակիչների խոսքով, մի քանի օր առաջ՝ հուլիսի 1-ին, նրանց խոստացել էին գոնե մի փոքր հարթել ճանապարհը, նախապես՝ մինչև ասֆալտապատումը, ավազով հարթել, բայց մինչ այժմ ոչինչ չի արվել:
Այսօր, երբ ցուցարարները առաջին անգամ բարձրացան Ախալքալաքի քաղաքապետի մոտ, Յուրիկ Ունանյանն ընդունեց նրանցից մի քանիսին, և նրանց բողոքները լսելուց հետո խոստացավ տրամադրել 4 բեռնատար մեքենա ավազ` խնդիրը լուծելու համար: Սակայն Կուլիկամ գյուղի բնակիչները համաձայն չէին այդ որոշման հետ:
Երկրորդ անգամ բոլոր ցուցարարները բարձրացան քաղաքապետարանի դահլիճ: Այս անգամ Յուրիկ Ունանյանը խոստացավ, որ քաղաքապետարանը կպատրաստի նախագիծ այս ճանապարհի ասֆալտապատման համար, իսկ այս տարի ճանապարհը կհարթեցվի ավազով: Նա նշեց, որ օրվա ընթացքում ինքը գյուղ կգնա՝ մանրամասն ծանոթանալու խնդրին:
Երթևեկություն մետրի հասնող ճանապարհափոսերով
Ավելի մանրամասն շուտով կարող եք ընթերցել JNEWS.GE-ում: