Այս տարի Ախալքալաքում կհիմնանորոգվի Ազատության փողոցի վերջնամասը (գազալցակայնման կայանի դիմաց): Այդ նպատակով տեղական բյուջեից հատկացվել է 42 920 լարի:
Ազատության փողոցի վերջնամասն արդեն մի քանի տարի է վարորդների համար մղձավանջ է դարձել: Ճանապարհի այս հատվածում փոսերը շրջանցելու համար մեքենաները հաճախ անցնում են հանդիպակաց գոտի կամ մայթեզրեր՝ ստեղծելով վթարային իրավիճակ:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների վարչության մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, Ազատության փողոցի վերջնամասի 58.6 մետր երկարությամբ ճանապարհը կվերականգնվի նախորդ նախագծերից խնայված միջոցներով:
«Նախագիծն արդեն պատրաստ է, դրա համար հատկացվել է 42 920 լարի, բայց հստակ հայտնի չէ, թե երբ կհայտարարվի տվյալ ճանապարհի վերանորոգման տենդերը», – ասում է Ռազմիկ Նահատակյանը:
Ըստ նրա, ընդհանուր նորոգման աշխատանքների ժամանակ տվյալ փողոցում մնացած փոսերը կվերանորոգվեն առանձին:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Jnews-ին տված հարցազրույցի ժամանակ, Քաղաքապետարանի ֆինանսական ծառայության ղեկավար Մկրտիչ Մղդեսյանն ասել էր, որ ընկերությունը պետք է վերանորոգեր այդ փոսերը դեռևս 2018 թ.-ին:
2019 թվականին, Ախալքալաքում փոսային նորոգման տենդերը հայտարարվել էր բավականին ուշ, քաղաքապետարանը և կապալառուն ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս անցած տարվա վերանորոգման հարցի շուրջ, սակայն, ի վերջո, 2019թ.-ի մայիսին նրանք պայմանավորվեցին, և ընկերությունը կատարեց անցած տարվա չիրականացրած աշխատանքը: Ախալքալաքում 2018 թ.-ին երկու անգամ փոսային նորոգման տենդեր էր հայտարարվել, և երկու անգամն էլ շահել էր «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: