Երեկ, լուսաբացին Ախալցիխեի մունիցիպալիտետի Ճաճարակ գյուղի արոտավայրերից մոտ 70 գլուխ խոշոր եղջերավոր անասուն են գողացել և տարել դեպի Թուրքիայի կողմը: Գողության փաստի առթիվ գործ է հարուցվել:
Նախիրը պատկանում էր մի քանի անասնատերերի, և, ըստ տեղի բնակիչների, կովերը արածում էին բարձրլեռնային մարգագետիններում, որոնք տեղի բնակիչները անվանում են Ուզունչայր և Շավանիդելի սար:
«Մենք երկու շաբաթ առաջ կովերին բերեցինք սարեր: Գողության օրը իմ որդին և մեկ հովիվ մնացել էին մենակ: Նրանք ինձ զանգահարեցին և ասացին, որ չեն կարող գտնել կովերին, և որ հետքը տանում է դեպի Թուրքիայի հետ սահմանը և այնտեղ կորչում է: Զանգահարեցի 112-ին: Ոստիկաններն անմիջապես բարձրացան սար», – մեկնաբանել է Sknews-ին Ճաճարակի բնակիչ Մարինա Օքրոմելիձեն, ում ընտանիքից գողացել են 9 կով:
Բացի Օքրոմելիձեների ընտանիքից, գողացել են նաև Ճաճարակի բնակիչներ՝ Արամ Բեգոյանի, Գոքոր Բեգոյանի և Ստեփան Մինասյանի կովերը:
Թուրքական սահմանը գտնվում է գյուղին մոտ, առաջ՝ խորհրդային տարիներին, այս վայրը շատ ուշադիր հսկվում էր, կար ուղեկալ պահակակետ: Այնուամենայնիվ, ինչպես ասում են տեղի բնակիչները, որոնց հետ մենք խոսեցինք, այժմ սահմանը հիշեցնում է անցուղի բակ:
Կովերի տերերը որոշ ժամանակ նախիրը չեն հսկել: Նրանցից մեկը գնացել է ստուգելու մոտակայքում գտնվող իր փեթակներին, և երբ վերադարձել է, նախիրը չի գտնել: Տեղում հայտնաբերվել են ձիու սմբակների հետքեր, որոնք տանում էին դեպի սահման:
Բուֆերային գոտում հայտնաբերվել են մի քանի կովեր: Տեղացիները գողության մեջ մեղադրում են եկվոր հովիվներին:
Գողության փաստի առթիվ գործ է հարուցվել: Քննությունը տարվում է 177-րդ հոդվածի չորրորդ մասի «բ» ենթակետով, որը ենթադրում է խոշոր գողություն:
Սամցխե-Ջավախքում անասունների գողության նման դեպքերը հազվադեպ չեն: Նման դեպքեր են արձանագրվել ինչպես Ախալքալաքի, այնպես էլ Նինոծմինդայի մունիցիպալիտետներում: