Նինոծմինդա քաղաքի ծայրամասում գտնվող կիսաքանդ տանն Ադելինան սոցիալական բարդ պայմաններում, միայնակ երեք մանկահասակ երեխա է մեծացնում: Ընտանիքի հայրն անազատության մեջ է՝ կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու պատճառով: Ադելինա Եսոյանը հույս ունի, որ մի օր Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից հատկացված ժամանակավոր կացարանն իր անունով կգրանցվի և երեխաները մեծանալով դրսում չեն հայտնվի:
Jnews-ն իր հրապարակումներում ներկայացրել էր այս ընտանիքի հոգսերն ու առօրյան:
Երեխաների սոցիալական նպաստը` հացի գումար (Photo)
Պատգամավոր Հենզել Մկոյանն արձագանքել է Jnews-ի հրապարակմանը
Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանն արձագանքել էր Jnews-ի հոդվածին, և խոստացել վճարել Ադելինա Եսոյանի բնական գազի երեք ամսվա վճարումները։ Պատգամավորը կատարել էր իր խոստացածը, սակայն ապրիլ ամսվա վճարը չի փոխանցվել:
«Պարոն Մկոյանը ասել և վճարել էր, սակայն ապրիլ ամսվա վճարումը փոխանցված չէր, շատ ցարմացա։ Եկան անջատելու, ճիշտն ասաց դեղի գումար ունեի հավաքած, ասացին, որ կամ պետք է անջատեն կամ հենց հիմա պետք է վճարեմ, ես տարբերակ չունեի, ստիպված այդ գումարով վճարեցի, որ առանց գազ չմնամ։ Անցած ամիսները ես ընդհանրապես կտրոն էլ չեմ տեսել, սակայն այս ամիս չգիտեմ ինչու այսպես ստացվեց։ Սակայն ես հիմա էլ մտածում եմ, որ կփոխանցվի», – ասում է Ադելինա Եսոյանը։
Պատգամավորը Jnews-ի հետ զրույցում վստահեցրեց, որ անհանգստանալու կարիք չկա:
«Ես նրա գազի գումարն ամբողջ ձմեռ վճարել եմ, մի ամիս չէ, ամբողջ ձմեռ, իսկ եթե կա ամիս, որ չի մուծվել, անհանգստանալու կարիք չկա, անպայման կփոխանցվի», – ասաց Հենզել Մկոյանը:
Ադելինայի ամուսինը ձերբակալված էր, ազատ է արձակվել և նորից ձերբակալվել, սակայն ազատության մեջ եղած ժամանակահատվածում հասցրել է նեղություն պատճառել Ադելինային։
«Իր տնից հին իրեր կար, օրինակ մահճակալ, պահարան, եկավ տարավ, ասելով, որ իրենն է։ Օգնության գումար էին տվել ստիպված այդ գումարով մահճակալ գնեցի, երեխաներիս պառկեցնելու տեղ չունեի», – պատմում է երեք երեխաների մայրը։
Ադելինան երազում է, որ այն շենքը, որտեղ հիմա ապրում են, մի օր իրենց սեփականությունը կդառնա և երեխաները դրսում չեն մնա:
«Իմ ամենամեծ երազանքս է, որ այս շենքը գրանցվի իմ վրա, որ երեխաներս կտուր ունենան իրենց գլխին։ Պարոն Մկոյանը ինձ փրկել է, սակայն այս շենքը պետական է, կարող է մի օրը մեկը գա և ասի, որ գնել է, ես ինչ անեմ», – ասում է Ադելինան։
Պատգամավորը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ հնարավորության սահմաններում ամեն ինչ կանի, որ շենքը սեփականաշնորհվի և գրանցվի Ադելինայի անունով:
«Պատգամավորական “պլանկայով” լրացրել, ստորագրել և ուղարկել եմ, սպասում եմ պատասխանի, տեսնենք ինչ կլինի, թույլատրում են սեփականաշնորհել, թե՝ ոչ։ Ես չեմ կարող խոսք տալ, սակայն ամեն ինչ անում եմ, որ այդ հարցը լուծվի», – նշեց Հենզել Մկոյանը։
Գայանե Ակոջյան