Վրաստանի ՆԳՆ-ն նախատեսում է երկարաձգել մեքենայի հին ավտոհամարանիշների գրանցման վավերականության ժամկետը մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը, վարչությունն արդեն ներկայացրել է համապատասխան փոփոխությունները խորհրդարան: Այս մասին հայտնում է երկրի օրենսդիր մարմինը:
Համաձայն գործող «Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայությունների մատուցման գործակալության կողմից Հանրային իրավունքի իրավաբանական անձանց ծառայությունների մատուցման սահմանված վճարի և ժամկետների մասին» օրենքի՝ հին պետհամարանիշերը կկորցնեն իրենց իրավական ուժը 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:
Նոր նախագիծը ենթադրում է, որ հին ավտոմեքենաների հաշվառման պետհամարանիշները, կցանքների հին հաշվառման պետհամարանիշները, գյուղատնտեսական տրանսպորտային միջոցների կամ մասնագիտացված ինքնագնաց տրանսպորտային միջոցների հին հաշվառման պետհամարանիշները և մոտոցիկլետների հին հաշվառման պետհամարանիշները ուժի մեջ են մնում մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանվել են Վրաստանի ՆԳ նախարարի կողմից:
Գերատեսչությունը որպես հին պետհամարանիշների երկարացման պատճառ նշում է՝ կորոնավիրուսը և վիրուսի տարածումը կանխելու համար կիրառված միջոցառումները:
«Գործակալության տվյալներով՝ հին օրինակի համարանիշներ օգտագործում է 539 739 մեքենա: Ըստ այդմ, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը գործակալությունում այս ծառայության նկատմամբ պահանջարկի ծավալը կարող է զգալիորեն գերազանցել սպասարկման գործակալության նյութական և մարդկային ռեսուրսները: Միևնույն ժամանակ, գործակալություն քաղաքացիների ժամանումը ծառայություն ստանալու համար կհանգեցնի մեծ թվով մարդկանց մեկ տարածքում հավաքվելուն, ինչը կմեծացնի համաճարակի տարածման ռիսկը», – ասվում է նախագծում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը 2014 թվականի սեպտեմբերի 1-ից սկսել էր թողարկել եվրոպական ստանդարտին համապատասխան նոր դիզայնի պետհամարանիշները` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
2014 թվականին օրենքում նախատեսված փոփոխությունների համաձայն, պետհամարանիշները փոխելու վերջնաժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 1-ն է, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն շտապել դրանք փոխել:
Ավտոպետհամարանիշի վերին ձախ անկյունում պատկերված է Վրաստանի ազգային դրոշը, ներքևի ձախ անկյունում՝ երկրի նույնականացման կոդը (GE): Համարանիշը պաշտպանելու համար նոր պետհամարանիշների վրա կիրառվում է հակակեղծիքային հոլոգրամ՝ պետական զինանշանի պատկերով, այն գտնվում է աջ կողմում: Եվրոպական չափանիշներին համապատասխան, օգտագործվում են նաև պաշտպանական այլ մեխանիզմներ: Փոխվել է նաև թվերի և լատինական սիմվոլների կարգը՝ կենտրոնում երեք թվանշան է, իսկ երկուական տառերը տեղակայված են թվերից ձախ և աջ: