Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչակազմը ստեղծել է այն հյուրանոցների առցանց քարտեզը, որոնք վերսկսել են աշխատանքը՝ պահպանելով անվտանգության միջոցառումները:
Ներկայումս ցանկում ներառված է 101 հիմնարկ: Այս փուլում հյուրանոցներից շատերն աշխատում են Բաթումիում` 24:
Այս բոլոր հյուրանոցները հաջողությամբ անցել են Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների նախարարության կողմից կազմակերպված ստուգումները:
Գերատեսչությունից նշում են, որ ժամանակ առ ժամանակ հյուրանոցների ցանկը կթարմացվի: Բոլոր նոր տեղեկությունները կարտացոլվեն զբոսաշրջության վարչակազմի կայքում և քարտեզում:
«Վրաստանը վերսկսում է ներքին և միջազգային տուրիզմը, կատարում է պարտադիր հանձնարարականները՝ հաշվի առնելով ԱՀԿ չափորոշիչները և միջազգային նորմերը: Համապատասխան առաջարկներն ու արձանագրությունները ստեղծվել են ամբողջ տուրիստական արդյունաբերության համար (հյուրանոցներ, ռեստորաններ, տրանսպորտ, տուրիստական ընկերություններ և ուղեվարներ): Այս ստանդարտները ծառայում են ինչպես օտարերկրյա այցելուների, այնպես էլ տեղի բնակչության անվտանգությանը», – նշում են գերատեսչությունից:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով, Վրաստանի բոլոր հյուրանոցները փակվել էին մարտի կեսին: Դա տեղի էր ունեցել նախքան կառավարության արտակարգ դրություն հայտարարելը: Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակի բարելավումը, իշխանությունները որոշել էին վերացնել արտակարգ դրությունը մայիսի 23-ից:
Հյուրանոցները իրավունք են ստացել վերսկսել իրենց աշխատանքը հունիսի 8-ին: Դա անելու համար նրանք պետք է դիմեն Առողջապահության նախարարություն և անցնեն հատուկ ստուգում:
Ավելի վաղ Աշխատանքի տեսչության դեպարտամենտը հայտնել էր, որ գերատեսչության բազայում հաշվառված է 939 հյուրանոց, որոնցից 150-ը արդեն ստացել է աշխատանքը վերսկսելու իրավունք, 175-ը չի կարողացել բավարարել պահանջները, մնացածը խնդրել է հետաձգել ստուգումը, որպեսզի ավելի լավ նախապատրաստվեն ստուգմանը:
«Новости-Грузия»-ին տված հարցազրույցում Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի նախագահ Շալվա Ալավերդաշվիլին հայտնել է, որ այժմ երկրի գրեթե բոլոր հյուրանոցները նախորդ տարվա համեմատ զգալիորեն իջեցրել են գները: Նա այս իրավիճակը բացատրել է պահանջարկի պակասով՝ նշելով, որ տեղական զբոսաշրջիկները նախընտրում են տնակներ կամ բնակարաններ վարձել:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ից Վրաստանում պաշտոնապես վերսկսվել է ներքին զբոսաշրջությունը: Կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից սահմանները կբացվեն օտարերկրյա զբոսաշրջիկների համար այն երկրներից, որտեղ համաճարակաբանական իրավիճակը գրեթե նույնն է, ինչ Վրաստանում: Այս փուլում դրանց թվում են՝ Ավստրիան, Գերմանիան, Չեխիան, Հունաստանը և Բալթյան երկրները:
Նյութը՝ «Новости-Грузия»-ից