«Մենք միշտ ասել ենք, որ տնտեսական գործունեության բացմամբ շարժունակությունը կաճի, որի արդյունքում հնարավոր է վարակվածների թվի ավելացում», – այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կապված կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի հետ:
Ըստ նրա, այս դեպքում պատասխանատվությունը կրում է յուրաքանչյուր քաղաքացի:
«Բացի այդ, ասել էինք, որ մենք պետք է սովորենք, թե ինչպես պետք է հայտնաբերել վարակի դեպքերը, արագ բուժել, ապա վերադառնալ նորմալ տնտեսական գործունեության: Սա է այն, ինչը մենք անվանում ենք հարմարվողականություն: Վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, այն ոչ ոքի կողմից չի հաղթահարվել, ոչ մի պետություն չի կարողանա հաղթահարել վիրուսը, սա գլոբալ ճգնաժամ է, բայց մենք պետք է սովորենք, թե ինչպես կառավարել վիրուսը, պետք է սովորենք, թե ինչպես բուժել մեր քաղաքացիներին, նույնականացնել առաջնային աղբյուրը, և սա ամենամեծ խնդիրն է, որը նույնպես պետք է հաղթահարենք հաջողությամբ, ինչպես մենք դա արել ենք մինչ այժմ: Սակայն, միևնույն ժամանակ, մենք բոլորս պետք է հասկանանք, որ պատասխանատվությունն ընկնում է յուրաքանչյուր քաղաքացու վրա, այն բաժանված է մեր բոլորի միջև», – հայտարարել է Գախարիան: