Ռուսաստանից վերադառնալուց հետո կարանտին անցած Ղաուրմա գյուղի բնակչին տեղափոխել են Գորի՝ կորոնավիրուսի համար կրկնակի թեստ հանձնելու համար: Ոստիկաններն անընդհատ պարեկություն են անում գյուղում, որպեսզի բնակիչները հետևեն անվտանգության կանոններին, մինչև Գորիում բնակչի հետազոտումն ավարտվի: Սակայն գյուղում մեծ լարվածություն չի զգացվում:
Մայիսի 31-ին Ղաուրմա գյուղի բնակիչը կարանտինից տուն էր վերադարձել։ Վրաստան տեղափոխվելուց հետո նա ավելի քան 14 օր կարանտինային գոտում էր գտնվում: Նրան թեստավորել էին կորոնավիրուսի առնչությամբ, բայց թույլ էին տվել տուն գնալ, սակայն երեկ՝ հունիսի 2-ին Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակիչը կեսօրին տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ՝ կորոնավիրուսի կասկածանքով: Բնակիչն ինքը չէր դիմել տեղի հիվանդանոցներին կամ բժիշկներին: Նրան փնտրել և գտել էին Հիվանդությունների վերահսկման կենտրոնից:
Ըստ համագյուղացիների, այս բնակչի հետ միասին, Ռուսաստանից ութ մարդ է վերադարձել գյուղ, որոնք միասին են անցել կարանտինը, բայց նրանցից միայն մեկը՝ 44-ամյա տղամարդն է կրկին տեղափոխվել հետազոտման:
«Գյուղից 8 մարդ միասին կարանտինում է գտնվել, ամեն սենյակում 2-ական հոգի էր, կարանտինից հետո տուն են թողել», – ասում է Ղաուրմա գյուղի բնակիչը:
Գյուղում խուճապի մեջ չեն, չեն մեկուսացել իրենց տներում և շարունակում են ապրել առօրյա կյանքով: Գյուղը վերահսկվում է ոստիկանության կողմից, որպեսզի գյուղացիները կարգուկանոն պահպանեն:
Ըստ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի՝ Ղաուրմայի բնակիչը Գորիում է, իսկ գյուղի մնացած բնակիչներին նախազգուշացվել է լքել գյուղը միայն խիստ անհրաժեշտության դեպքում, և պահպանել անվտանգության կանոնները, քանի դեռ հայտնի չէ կորոնավիրուսի թեստի պատասխանը:
Գյուղացիների խոսքով՝ նրանց գյուղից դուրս գալու ժամանակ պարտադրել են դիմակներ կրել և ձեռնոցներ հագնել, նաև հեռավորություն պահպանել ինչպես գյուղում, այնպես էլ գյուղից դուրս, մինչև որ հայտնի լինի 44-ամյա Ղաուրմայի բնակչի կորոնավիրուսի թեստի պատասխանը:
Հունիսի 2-ի գիշերը, ժամը 23:00-ից հետո, «Իմեդի» հեռուստաընկերությունը հրապարակել է մի նյութ, որում հավաստիացվում է, որ Գուդաուրիի կարանտինային գոտում գտնվող Ղաուրմա գյուղի բնակչի թեստի արդյունքները խառնել են, և որ «արդյունքում՝ կորոնավիրուսով վարակված 44-ամյա տղամարդը հայտնվել է Նինոծմինդայում»:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի մամուլի խոսնակը Jnews-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ հետազոտումը դեռ ավարտված չէ, և որ հիվանդությունը դեռ հաստատված չէ:
Այսօր, վաղ առավոտյան Ամիրան Գամղրելիձեն հայտարարել էր, որ պնդումները, թե նրանք խառնել են անալիզների արդյունքները, և որ Ղաուրմա գյուղի բնակիչը հիվանդ է, չեն համապատասխանում իրականությանը:
Բրատիսլավ Իգիթխանյան