Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչի անալիզի արդյունքները դեռևս պարզ չեն, որը նախօրեին տեղափոխվել էր կրկնակի թեստ հանձնելու: Հետազոտությունը դեռ շարունակվում է:
Երեկ՝ հունիսի 2-ի երեկոյան, Ղաուրմա գյուղի բնակչին տեղափոխել են կորոնավիրուսի թեստ հանձնելու:
Մայիսի 31-ին Ղաուրմա գյուղի բնակիչը կարանտինից տուն էր վերադարձել։ Վրաստան տեղափոխվելուց հետո նա կարանտինում էր գտնվում: Նրան թեստավորել էին կորոնավիրուսի առնչությամբ, բայց թույլ էին տվել տուն գնալ: Բնակիչն ինքը չէր դիմել տեղի հիվանդանոցներին կամ բժիշկներին: Նրան փնտրել և հայտնաբերել են Հիվանդությունների վերահսկման կենտրոնից:
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից հայտնում են, որ իրենք զրուցել են Ղաուրմա գյուղի բնակչի հետ, և որ նրա մոտ չեն նկատվել կորոնավիրուսի որևէ ախտանշաններ:
Հունիսի 2-ի գիշերը, ժամը 23:00-ից հետո, «Իմեդի» հեռուստաընկերությունը հրապարակել է մի նյութ, որում հավաստիացվում է, որ Գուդաուրիի կարանտինային գոտում գտնվող Ղաուրմա գյուղի բնակչի թեստի արդյունքները խառնել են, և որ «արդյունքում՝ կորոնավիրուսով վարակված 44-ամյա տղամարդը հայտնվել է Նինոծմինդայում»:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի մամուլի խոսնակը Jnews-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ հետազոտումը դեռ ավարտված չէ, և որ հիվանդությունը դեռ հաստատված չէ:
Այսօր, վաղ առավոտյան, Ամիրան Գամղրելիձեն հայտարարել էր, որ պնդումները, թե նրանք խառնել են անալիզների արդյունքները, և որ Ղաուրմա գյուղի բնակիչը հիվանդ է, չեն համապատասխանում ճշմարտությանը:
«Ընթանում է հետազոտություն, թեստերը չեն խառնել: Նրան կարանտինում երկու անգամ թեստավորել են, և այժմ կրկին թեստավորում են: Չգիտես ինչու, մարդուն բաց են թողել մեկ թեստի արդյունքի հիման վրա, երբ երկրորդը եղել է թույլ դրական և այժմ խորը հետազոտություն է տարվում: Սա սխալ մեկնաբանություն է, որ իբր հայտնաբերվել է երկու օր անց: Նա նույնականացվել է, եղել է որոշակի անհամաձայնություն, որը մենք այժմ ուսումնասիրում ենք: Արյուն կվերցնեն, հակամարմինների դեմ կհետազոտեն, և ես վստահ եմ, որ, ամենայն հավանականությամբ, վարակը չի հաստատվի», – նշել է Գամղրելիձեն:
Թե ի՞նչպիսին կլինեն Ղաուրմա գյուղի բնակչի անալիզի արդյունքները, Jnews-ը անմիջապես կտեղեկացնի, երբ դրանք հայտնի դառնան: