Այսօրվանից, ինչպես ողջ Վրաստանում, այնպես էլ Ախալքալաքում վերաբացվել են հագուստի և կոշիկի բոլոր խանութները, ինչպես նաև հագուստի շուկան` «տոնավաճառ»-ը: Ախալքալաքում վաճառականներն անհանգստացած են, որոնց շրջանում տեղեկություններ կան, որ հնարավոր է այն կրկին փակեն, բայց իշխանությունները նման պլաններ չունեն:
Ըստ առևտրականների՝ նրանք ակտիվ առևտրի հույս ունեին, քանի որ ավելի քան երկու ամիս խանութները փակ էին, բայց նրանց սպասելիքները չարդարացան:
«Առավոտից ոչինչ չեմ վաճառել, գնորդներ չկան», – ասում է խանութի վաճառողը (կեսօրին):
Խանութներն ու առևտրի կենտրոններն այսուհետ ստիպված կլինեն հետևել որոշակի կանոնների: Մասնավորապես, հաստատություն մտնելուց առաջ գնորդը պետք է ջերմաչափվի: Մարմնի ջերմաստիճանը 36.9 աստիճանից բարձր չպետք է լինի: Խանութներ այցելուները պետք է ունենան անհատական պաշտպանիչ միջոցներ և պետք է կրեն դիմակ: Քաղաքացիները պետք է նաև պահպանեն սոցիալական հեռավորություն:
Ախալքալաքում խանութների սեփականատերերը կամ առևտրականները բոլոր հաճախորդներին խնդրում են խանութ մտնելուց առաջ դիմակ հագնել, բայց գնորդները միշտ չէ, որ հնազանդվում են: Մեր դիտարկմամբ ջերմաչափում առևտրի կենտրոններում չի իրականացվում:
Խանութների վաճառողները երկմտում են` գնալ նոր, ամառային ապրանքներ գնելու, թե՝ ոչ: Չէ, որ գարնանային հագուստը, որը նրանք գնել էին մարտին, մնացել է առանց գնորդի: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ կառավարության ծրագրերում չկա խանութները կրկին փակելը:
Հնարավոր է այս տեղեկատվությունը ծագել էր այն պատճառով, որ տեղական իշխանություններն այսօրվանից կրկին անցում են կատարում հեռավար աշխատառեժիմի:
«Այո, մենք կրկին անցում ենք կատարում հեռավար աշխատառեժիմի, մեզ մոտ ամեն ինչ կարգին է, դա արվում է զգուշության համար, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ սա ոչ մի կապ չունի խանութների աշխատանքի հետ: Առևտուրն ամբողջությամբ վերսկսվել է, և այլևս ոչ մի կրկնակի սահմանափակումներ չեն սպասվում», – Jnews-ի հետ զրույցում ասել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանում բոլոր առևտրի կենտրոնները փակվել էին մարտի 19-ին՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Այսօր՝ խանութների և առևտրի կենտրոնների հետ միասին իրենց աշխատանքն են վերսկսել բացօթյա սննդի կետերը: