Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարը` Քեթևան Ցիխելաշվիլին, լքում է իր զբաղեցրած պաշտոնը և պատրաստվում է Ավստրիայում Վրաստանի դեսպանի պաշտոնը ստանձնել: Դեռ անհայտ է, թե ով կդառնա նախարար, ով Վրաստանում կզբաղվի ազգային փոքրամասնությունների և վերաինտեգրման հարցերով:
«Մենք Վիեննայում կունենանք նոր դեսպան՝ տիկին Քեթևան Ցիխելաշվիլին: Կարծում եմ, որ նրա փորձը այս ուղղությամբ կլինի չափազանց կարևոր: Նա միշտ տեղյակ է եղել այս խնդիրների մասին», – այսօր՝ մայիսի 22-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Այսպիսով, Ցիխելաշվիլին կփոխարինի Դավիթ Դոնդուային, որը 2018 թվականից զբաղեցնում է Ավստրիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
Ցիխելաշվիլին Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար էր նշանակվել 2016 թվականի հուլիսին:
Այս ամբողջ ընթացքում նա զբաղվում էր Վրաստանի չվերահսկվող տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին, Վրաստանի կառավարության կողմից առաջարկվող ծառայությունների մատուցմանը վերաբերվող, ինչպես նաև Վրաստանում ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը վերաբերող հարցերով:
Թե ով կզբաղեցնի այս հաստիքը, դեռևս հայտնի չէ: