Վրաստանը բանակցություններ է վարում միջազգային գործընկերների հետ, որպեսզի զբոսաշրջիկներին սահմանին ստուգելու մոդել որոշի: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Սպասվում է, որ հունիսի 15-ին կվերականգնվի ներքին զբոսաշրջությունը, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը կսկսի հյուրընկալել միջազգային զբոսաշրջիկների:
Վրաստանն իր օդային ու ցամաքային սահմանները կբացի պահպանելով անվտանգության կանոնները, որը մշակվում է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունների հետ: Երկրի իշխանություններն արդեն սկսել են բանակցություններ վարել որոշ երկրների հետ զբոսաշրջիկների համար «անվտանգ միջանցքներ» ստեղծելու ուղղությամբ:
Գաբունիայի խոսքերով, մոտ ապագայում Առողջապահության նախարարությունը կորոշի մի մոդել, որի համաձայն կստուգվեն բոլոր ժամանածները:
«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեզ համար հետաքրքիր է մյուս երկրների փորձը: Եվրոպական երկրներն արդեն սկսել են ներդնել այդ մոդելը: Մենք բանակցում ենք, միջազգային գործընկերների հետ խորհրդակցություններ ենք վարում, թե որ մոդելն է ամենաօպտիմալն արագ պատասխան ստանալու համար, առանձնապես, հաշվի առնելով այն փաստը, որպեսզի զբոսաշրջիկն ստիպված չլինի սահմանին երկար սպասել: Դրա համար անհրաժեշտ է ժամանակ որոշել, առաջիկա շաբաթներին մենք կունենանք կոնկրետ մոդել»,- տեղեկացրել է նա: