Էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի եռամսյա սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, սուբսիդավորվում է նաև նույն բաժանորդների աղբահանման և ջրամատակարարման ծախսերը, բայց Ախալքալաքի մունիցիպալիտետում այդ արտոնությունները չեն գործում:
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման իրավիճակի պատճառով պետությունը որոշում էր կայացրել փակել բաժանորդների մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը, բայց միայն նրանց, ովքեր սպառել են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ և մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև նույն բաժանորդների ջրամատակարարման և աղբահանման ծախսերը:
Jnews- ը փորձեց պարզել՝ արդյոք ջրի և աղբի սուբսիդավորումներն գործում են Ախալքալաքի մունիցիպալիտետում:
Վրաստանի Միավորված ջրամատակարարման կենտրոնի Ախալքալաքի ծառայության մենեջեր Արտակ Թառլամազյանը Jnews- ին տված հարցազրույցում ասաց, որ մունիցիպալիտետի բնակչությունը կվճարի այնպես, ինչպես վճարում էր, քանի որ նրանք սուբսիդավորման որևէ հրահանգ չեն ստացել: Ֆիզիկական անձանց համար ջրի սակագինը յուրաքանչյուր անձի համար ամսական կազմում է 0,25 լարի:
Մունիցիպալիտետում աղբահանությամբ զբաղվող Ախալքալաքի սպասարկման կենտրոնում դեռ չգիտեն հավաքելու են աղբահանման վճարը, թե ոչ:
«Ես 4-5 օր առաջ նամակ եմ գրել քաղաքապետարան պարզելու, թե մենք ինչպես ենք վարվելու նման իրավիճակում, և դեռ պատասխան չեմ ստացել: Մենք բոլոր այն իրավաբանական անձանց որոնց այս ամիսների ընթացքում չենք սպասարկում ասացինք, (հարսանեկան տներ, գեղեցկության սրահներ, խանութները, որոնք չեն աշխատում), որպեսզի նրանք գան դիմում գրեն, որ չվճարեն: Իսկ բնակչությանը մենք սպասարկում ենք սովորականի պես: Բացի այդ, մենք այն գումարը, որը հավաքում ենք բնակչությունից տարեսկզբին պլանավորել ենք, և այն բաշխել ենք մեքենաների ավտոպահեստամասերի ձեռքբերման և կազմակերպության այլ նպատակների համար: Բայց եթե քաղաքապետարանից ասեն չհավաքեք, մենք չենք հավաքի», – ասում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:
Աղբահանության սակագինը քաղաքում և գյուղերում տարբեր է: Ախալքալաքում ամսական վճարը յուրաքանչյուր անձի համար 0,40 լարի է, իսկ գյուղերում ընտանիքը վճարում է ամսական 3 լարի: Տարեկան հավաքված գումարը կազմում է մոտ 90 000 լարի, որից մի մասն ուղարկվում է քաղաքապետարան, իսկ մյուս մասը (կեսից ավելին) մնում է Սպասարկման կենտրոնի բյուջեում: