Ախալքալաքի շրջանի Կաջո գյուղի աշակերտները դպորցական թերթ ու գրքեր են հրատարակել։ Աշակերտները փորձում են սեփական ռեսուրսներով ու մտահղացումներով ոչ միայն օրինակ ծառայել հասակակիցների շրջանում, այլև հանրօգուտ աշխատանք անել։ Բացի դպրոցական տեղեկագրից ու գրքերից նրանք նաև սոցիալական հոլովակներ են նկարահանում բուլինգի թեմայով, այդպիսով փորձելով բարձրացնել իրազեկության մակարդակը:
Կաջոյի հանրային դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն իրենց մաթեմատիկայի ուսուցչուհու՝ Հասմիկ Խեչոյանի ուղղորդմամբ բացառիկ աշխատանք են կատարել՝ ձեռագիր և նկարզարդ գրքեր են կազմել տարբեր թեմաներով և շնորհանդես կազմակերպել։
Ելենա Ալեքսանյանը՝ «Մայրենի լեզու», Վեներա Ալեքսանյանը՝ «Վիշապներ», Մինաս Ալեքսանյանը՝ «Ճանապարհային նշաններ», Սուսաննա Բալասանյանը՝ «Հայոց պատմություն», Արման Մարտիրոսյանը՝ «Մաթեմատիկա», Աղավնի Միքայելյանը՝ «Հայ արվեստ», Սիրանուշ Պապիկյանը՝ «Խառը-խշտիկ»։
Վեներա Ալեքսանյանը, ով մտահղացման հեղինակներից է, պատմում է, որ իրենց մաթեմատիկայի գրքում ներառված են եղել տարբեր հետաքրքիր նախագծեր և հերթական նախագիծը կարդալուց հետո նրանց մոտ հետաքրքիր մտքեր են ծագել, ինչի արդյունքում աշակերտները գրքեր են ստեղծել:
Մեր այն հարցին, թե աշխատանքային պրոցեսում ի՞նչ բարդությունների են հանդիպել, Վեներան պատասխանում է․
«Հիմնական խոչընդոտը ժամանակի ոչ ճիշտ պլանավորումն է եղել, որի արդյունքում էլ միջոցառումն անընդհատ հետաձգվում էր, ինչպես նաև աշխատանքի լիարժեք ծավալը չգնահատելը։ Բայց վերջանարդյունքում բոլորը գոհ մնացին՝ և՛ մասնակիցները, և՛ ծնողները, և՛ ուսուցիչները, և՛ կազմակերպիչները»։
Մասնակիցների խոսքով, գրքերի շնորհանդեսը Կաջո գյուղում ավելին էր, քան պարզապես դպրոցական միջոցառում:
«Այս միջոցառումը վառ օրինակ է այն բանի, թե ինչի կարելի է հասնել համագործակցության, ստեղծարարության միջոցով: Այսպիսով, միջոցառումը կկրի շարունակական բնույթ՝ օգնելով գյուղի երիտասարդներին զարգացնել իրենց ստեղծարար միտքը»։
Գյուղի երիտասարդները, հեռու գտնվելով կենտրոնից ու կենտրոնի հնարավորություններից, չեն վախենում ինքնուրույն ստեղծել հնարավորություններ՝ բոլոր արդարացումների փոխարեն։
Բացի գրքերից,Կաջոյի հանրային դպրոցի 11-րդ դասարանցիները ստեղծել են նաև դպրոցական թերթ։ Թերթը ամփոփ տեղեկագիր է դպրոցում վերջին ամիսներին իրականացված ակտիվությունների ու ձեռքբերումների։
Թերթ ստեղծելու գաղափարը համատեղ մշակվել է 11-րդ դասարանի աշակերտների և նրանց անգլերենի ուսուցիչ՝ Անի Չախալյանի կողմից։
«Մեր թերթի ստեղծումը եղել է կարևոր ազդակ , որը բոլորին ապացուցում է այն , որ չնայած կարճ ժամանակին ու սահմանափակ ռեսուրսներին՝ դպրոցը մշտապես ակտիվ է՝ հետաքրիր միջոցառումների, մրցույթների և նախագծերի իրականացման գործում։ Հաշվի առնելով հաջողությունը՝ մենք ոգևորված ենք, որոշել ենք թերթը դարձնել կանոնավոր հրատարակություն՝ շարունակելով փաստագրել և կիսվել Կաջոյի հանրային դպրոցի աշխույժ կյանքը», – կիսվում է Վեներան:
Թերթը դրական ընդունելության է արժանացել աշակերտների, ծնողների և ուսուցիչների կողմից: