Ավտոճանապարհների դեպարտամենտն այս տարի, Վրաստանում արտակարգ դրության չեղյալ հայտարարելուց հետո, կհայտարարի մրցույթ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի 6 կմ հատվածի վերանորոգման համար, քաղաքի մուտքի մոտ (Կորխի կամրջից մինչև Ախալքալաք):
Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին, մասնավորապես, Ախալքալաքի մուտքի մոտի 50-60 կմ ճանապարհահատվածը վտանգավոր է դարձել վարորդների համար: Այնտեղ առաջացած խորը և համատարած փոսերը երթևեկության համար անընդհատ վտանգ են ստեղծում: Տարիների ընթացքում այս հատվածում փոսերը ժամանակ առ ժամանակ միայն լցվել են ավազով, ինչն ընդամենը մի քանի օր է փոքր-ինչ բարելավել իրավիճակը:
Արդեն մի քանի տարի է խոստանում են վերականգել այս ճանապարհահատվածը: Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների առաջին փոխնախարար Իրակլի Քարսելաձեն, երբ 2019 թվականի մայիսին այցելել էր Ջավախք, այդ ժամանակ խոստացավ, որ Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու Ախալքալաքի մուտքի մոտի ճանապարհահատվածը կվերականգնվի: Սակայն, 2019-ին այն չվերականգնվեց, իսկ 2020-ի սկզբից Ավտոճանապարհային դեպարտամենտից խոստանում են, որ վերականգնման աշխատանքներ կլինեն, բայց մինչ օրս հնարավոր չի եղել ճշտել, թե երբ, և մասնավորապես, որ հատվածը:
Այս անգամ Ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնեցին, որ տվյալ հատվածի վերականգնման նախագիծը պատրաստ է 2014 թվականից:
«Նախագիծը պատրաստ է, կտեսնենք, եթե ամեն ինչ լավ է, մենք աշխատանքները կհանենք մրցույթի: Հստակ չեմ կարող ասել ամսաթիվը, արտակարգ դրությունից հետո, ամենայն հավանականությամբ, մայիսի 22-ից հետո: Ախալքալաքում մենք նախատեսած ունենք 2 նախագիծ, մեկը հայտարարվել էր, «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը շահել էր տենդերը, թեև հետո դա ընդհատվեց, քանի որ չգիտեինք, թե կարանտինը որքան կարող է տևել և ինչ է տեղի ունենալու կարանտինից հետո: Բայց մենք այն նորից կհայտարարենք “, – ասաց Պավել Գամղրելիձեն՝ Ավտոճանապարհային դեպարտամենտի պլանավորման բաժնի ղեկավարը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային դեպարտամենտը նախատեսում է այս տարի իրականացնել երկու ենթակառուցվածքային նախագիծ: Առաջին նախագիծը Կորխի կամրջից դեպի Ախալքալաք տանող ճանապարհի մուտքի մոտի 6 կմ ճանապարհահատվածի վերականգնում է, իսկ երկրորդ նախագիծը` Հայաստան և Թուրքիա տանող երկու մայրուղին կապող 2,5 կմ ճանապարհի վերականգնումը: