Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից առողջացածների թիվն ավելացել է ևս 18-ով, հասնելով 132-ի: Տվյալները թարմացվել են կառավարության կողմից ստեղծված StopCoV.ge կայքում:
Ավելի վաղ Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայից հատնել էին, որ պատրաստվում են 15 ապաքինվածի դուրս գրել:
«Եվս մեկ ուրախ լուր մեզ համար: Այսօր մենք 132 ապաքինված ունենք: Իհարկե, սա համակարգի ձեռքբերումն է, ծրագրավորումը, մեր բժիշկների երկարատև աշխատանքը, որ մենք այսօր գտնվում ենք այստեղ և արժանանում ենք միջազգային մամուլի ուշադրությանն ու գովասանքին»,- «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն:
Կորոնավիրուսային հիվանդության առաջին հաստատված դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին: Մինչև այսօր երկրում հիվանդությունը հաստատվել է 431 մարդու մոտ: Նրանցից հինգը մահացել են:
Կարանտինում է գտնվում 5 888 մարդ, բժիշկների վերահսկողության տակ՝ 571: