Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, 2020-2021 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետները երկարաձգվել են մինչև սեպտեմբերի 10-ը: Այս մասին հայտնում են Կրթության նախարարության մամուլի ծառայությունից:

Հատուկ կարիքներով առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլն արդեն հաջողությամբ անցկացվել էր մարտի 2-16-ը, սակայն երկարաձգվել են անհրաժեշտ փաստաթղթերը դպրոց ներկայացնելու ժամկետները:

Մասնավորապես, փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է ոչ թե ապրիլի 24-ին, այլ հուլիսի 5-ին, և ցանկում ընդգրկված չէ մուլտիդիսցիպլինար հանձնաժողովի եզրակացությունը: Կրթության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ, աշակերտների գրանցումը կկատարվի առանց մուլտիդիսցիպլինար թիմի եզրակացության և առանց հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտի կարգավիճակ շնորհելու:

Այն դեպքում, եթե փաստաթղթերը չներկայացվեն մինչև հուլիսի 5-ը, գրանցումը չեղյալ կհայտարարվի:

Գրանցման երկրորդ փուլը կսկսվի մայիսի 11-ին և կտևի մինչև հունիսի 1-ը ներառյալ, իսկ փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել մայիսի 11-ից մինչև հուլիսի 5-ը ներառյալ:

Երկրորդ փուլում գրանցվելու են այն երեխաները, որոնց եղբայրը կամ քույրը սովորում են նույն դպրոցում, որտեղ պիտի հաճախի առաջին դասարանցին, ինչպես նաեւ նրանք, ում ծնողները այդ դպրոցի աշխատակիցներն են: Այս գրանցումը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ նույն ընտանիքից երկու կամ ավելի երեխաներ միեւնույն ժամանակ հաճախելու են առաջին դասարան:

Երրորդ փուլը համընդհանուր առցանց գրանցումն է: Այս փուլում փոփոխվում են ինչպես գրանցման ժամկետները, այնպես էլ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ժամկետները:

Երրորդ փուլը կսկսվի հունիսի 2-ին և կտևի մինչև հունիսի 25-ը ներառյալ: Ինչ վերաբերում է փաստաթղթերի ներկայացմանը, ապա վերջնաժամկետը հետաձգվում է՝ հունիսի 2-ից հուլիսի 5-ը ներառյալ:

Գրանցվել հնարավոր է registration.emis.ge կայքէջում:

Գրանցման ժամկետները և փաստաթղթերի ներկայացումը նույնպես փոփոխվում են գրանցման վերջին՝ չորրորդ փուլի դեպքում: Այս փուլում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի օգոստոսի 20-ից և կտևի մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ:

Այս փուլում մնացած թափուր տեղերում գրանցվում են այն երեխաները, ովքեր չեն կարողացել գրանցվել I, II և III փուլերում:

Կրթության նախարարությունից հայտնում են, որ արտակարգ դրության ժամանակ դպրոցները կհաստատեն գործավարման նոր կանոն, որը թույլ կտա ծնողներին փաստաթղթերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով, կամ դրանք ներկայացնել դպրոցների ղեկավարությանը՝ անվտանգության կանոններին համապատասխան: Դպրոցը երկու օրվա ընթացքում ծնողին փոստով կհաստատի դիմումի և փաստաթղթերի ընդունումը:

Այն դեպքում, եթե բոլոր փաստաթղթերը ներկայացված լինեն էլեկտրոնային տարբերակով, դպրոցը չի պահանջի դրանց ներկայացումը թղթաբանական տեսքով և կհաստատի աշակերտի գրանցումը օրենքով սահմանված ժամկետներում: