Հայոց ցեղասպանությանը նվիրված Հայկազյան հայագիտական հանդեսը ներկայացվեց Ջավախքում:
Այսօր Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում կայացավ Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական հանդեսի շնորհանդեսը: Ամենամյա այս հանդեսը Ջավախքում առաջին անգամ էր ներկայացվում:
Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական Ամբիոնը, համագործակցելով Երևանի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի հետ ներկայացրին Հայագիտական Հանդեսի 35-րդ հատորը: 950 էջանոց հաստափոր այս գիրքը ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին և պարունակում է փաստացի վավերագրեր ցեղասպանության մասին:
Հանդեսը ներկայացրեց Լիբանանի Հայկազյան համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար և հանդեսի պատասխանատու քարտուղար՝ Անդրանիկ Դաքեսյանը:
Շնորհանդեսին ներկա ջավախքցիները հետաքրքրվեցին լիբանանահայ և սիրիահայ գաղութների խնդիրներով՝ սկսած հայկական կրթօջախների գործնեությունից մինչև պատերազմական պայմաններում գոյատևելու դժվարությունները:
Անդրանիկ Դաքեսյանը նախ հակիրճ ներկայացրեց ցեղասպանության մասին պատմող այս յուրօրինակ գրքի բովանդակությունը: Այնուհետև պատասխանելով ներկաների հարցերին, վերջինս կարևորեց հայերի միասնականությունը. «Ոչ մի ուրիշ այլ ազգություն աշխարհում նման տարածվածություն չունի, պետք է լինենք միասնական, դառնանք մեկ: Տեսեք մենք այս հանդեսում սփյուռքի տարբեր գաղթօջախներից թղթակցություններ ունենք, բայց Ջավախքից չկա, մենք բաց չենք մեկս մյուսիս առջև, չենք ապրում մեկս մյուսի ցավով ու ուրախությամբ», – ասաց նա:
Աղունիկ Այվազյան