Ախալքալաքի գյուղատնտեսական շուկան բաց է, բայց գնորդներին թույլատրվում է մուտք գործել միայն ձեռքերն ու ոտքերը ախտահանելուց հետո:

Ապրիլի 8-ից անորոշ ժամանակով փակված գյուղատնտեսական շուկան կրկին բաց է: Շուկայի փակման ընթացքում իրականացվեցին ախտահանման միջոցառումներ: Այդ ժամանակ տեղական իշխանությունները հայտարարեցին, որ շուկան փակվում է անորոշ ժամանակով: Սակայն, դրանից հետո, բացառության կարգով շուկան կրկին բացվեց՝ գնորդների և վաճառողների կողմից հիգիենայի կանոնների խիստ պաշտպանության պայմանով:

«Շաբաթ օրը եկել էին Ախալցիխեից՝ Սննդի գործակալությունից, նայեցին: Մենք ամբողջ օրը մաքրեցինք շուկան: Հետո խնդրեցինք բացել, քանի որ առջևում Զատիկն էր, և նրանք թույլ տվեցին», – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Գնորդներին միայն մի մուտքից են թույլ տալիս շուկա մտնել, և դուրս թողնում՝ մյուսից: Շուկայի մուտքի մոտ փռված են ախտահանման գորգեր, որոնց վրա մարդը պետք է սրբի ոտքերը, այնուհետև կանգնած է մարդ, ով սպիրտային ախտահանիչով ախտահանում է մուտք գործող անձանց ձեռքերը և միայն դրանից հետո նրանց թույլ են տալիս մտնել գնումներ կատարելու:

Գործընթացը վերահսկվում է շուկայի վարչակազմի կողմից:

«Մենք փորձում ենք, որ շուկայում 30-ից ավելի առևտուր անող չլինի: Մենք արդեն երրորդ օրն է ինչ հակասեպտիկներով ախտահանում ենք: Ամբողջ տարածաշրջանում միայն մեր շուկան են թույլատրել բացել», – ասում է Ախալքալաքի շուկայի տնօրեն Արարատ Սահարյանը:

bazar1

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի խոսքերով, եթե հիգիենայի կանոնները չպահպանվեն, շուկան կարող է կրկին փակվել: