Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 4-ին կտեղափոխեն Երևան։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք՝ այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք»,- ասվում է գրառման մեջ:
Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Վրաստանի տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել ՀՀ 13 քաղաքացի: Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել:
Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից նախնական 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնցից 2-ը մահացել են։