Աշխարհի առաջատար երկրների մասնագետները խորհրդակցում են վրացի համաճարակաբանների հետ` կորոնավիրուսի դեմ պայքարի առումով: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն՝ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Ըստ նրա՝ ամեն օր աշխարհի տարբեր երկրներից մասնագետներ են կապվում նրանց հետ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում վրացի համաճարակաբանների աշխատանքային փորձը կիսելու համար:
«Ես չգիտեմ, թե որտեղից է գալիս այս ինքնանվաստացումը, որ մյուսներն, անպայման, մեզնից ավելի լավն են: Ո՞ր մոդելն է այսօր ավելի լավ: Ուղիղ կերպով ասում եմ, ոչ մեկը մեզնից լավը չէ: Նրանք մեզանից օրինակ են վերցնում: Այս մասին հայտնի է, սա հայտարարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ամեն օր մեզ հետ կապվում են աշխարհի առաջատար երկրներից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից և խորհուրդներ ստանում մեզանից: Երկուշաբթի մենք ներառություն ունենք Տեխասից, ԱՄՆ-ից, և նրանք պետք է մեզանից խորհրդատվություն ստանան», – հայտարարել է Ցերցվաձեն:
Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված՝ Վրաստանում մարտի 18-ին փակվել է օդային հաղորդակցությունը, երկիր ժամանող բոլոր մարդիկ երկու շաբաթ գտնվում են կարանտինում: Մարտի 21-ին երկրում հայտարարվեց արտակարգ դրություն: Բացի այդ, խիստ կարանտին է մտցվել Վրաստանի երկու շրջանների համար՝ Բոլնիսի և Մառնեուլի, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է մոտ 200 հազար մարդ: Հիվանդության ախտանիշների հայտնաբերման ուղղությամբ բնակչության ակտիվ ստուգում է ընթանում: Մինչ այժմ Մառնեուլիում համաճարակային բռնկում չի գրանցվել: